Սիրված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի եւ երգչուհի Սեդա Ամիր-Կարայանի համերգը երեւանյան «Mezzo» ակումբում (ֆոտորեպորտաժ)

12:44   13 սեպտեմբերի, 2013

Երեկ երեկոյան՝ սեպտեմբերի 12-ին, երեւանյան «Mezzo» ակումբում կայացավ Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի եւ երիտասարդ, բայց արդեն հայտնի երգչուհի Սեդա Ամիր-Կարայանի համատեղ համերգը:

Համերգի առաջին հատվածում մաեստրոն մենակ ելույթ ունեցավ: Նա կատարեց հայտնի եւ սիրված հին ու նոր երգեր եւ պիեսներ, ինչպիսիք են «Երկու կռունկը», «Մանկության տեսիլները», «Գարնան կաթիլները»:  

«Գիտեք՝ ես միշտ ցանկացել եմ իմ երգերը կողքից տեսնել, լսել անծանոթ մի ականջով... Ինչպես մայրը երբեք չի կարողանում ճիշտ գնահատել իր զավակին, այնպես էլ ես չգիտեմ, երգն ինչ է նշանակում՝ լավ է, վատ է, ինչ է: Դուք եք, որ պիտի օգնեք ինձ դրանց արժեւորել»,- դիմեց կոմպոզիտորը հանդիսատեսին: 

Որոշ ստեղծագործություններ կատարելուց առաջ Ռոբերտ Ամիրխանյանը ներկայացնում էր դրանց պատմությունը:

«Այն երգի հաղորդագրությունը, որ կցանկանայի ներկայացնել Ձեզ, կապված է, ցավոք, մեր երկրից հեռացած մարդու ապրումների հետ», - ասաց մաեստրոն:

Ամբողջ համերգի ընթացքում կոմպոզիտորը դաշնամուրի մոտ նստած կատակում էր լսարանի հետ՝ հարցնելով, թե արդյո՞ք դեռեւս կարող է շարունակել համերգը եւ արդյո՞ք երգերն իրենց բարեկամացրին:

Համերգի երկրորդ մասում հայտնվեց նաեւ երգչուհի Սեդա Ամիր-Կարայանը, ով այժմ ակադեմիական կրթություն է ստանում Շտուտգարտի երաժշտական ակադեմիայում: Երգչուհին կատարեց կոմպոզիտսորի գրած «Դու՝ ինչպես մի աստղ», «Այնպես ուզում եմ անունս թողնել», «Ինձնից այնքան ես բացակա եղել», «Արի գնանք ճամփորդելու» եւ մի շարք այլ երգեր: 

Լեփ-լեցուն դահլիճը խանդավառությամբ ընդունեց համերգը եւ մաեստրոյի ու երգչուհու հետ միասին հաճույքով կատարեց «Այնպես ուզում եմ անունս թողնել» լիրիկական երգը, ինչպես նաեւ բոլորիս քաջ ծանոթ «Պույպույ մկնիկը» եւ «Խոսող ձուկը» մուլտֆիլմերից երգերը: Թվում էր, թե համերգը երբեք չի վերջանա, որովհետեւ հանդիսատեսը չէր ցանկանում բաժանվել մաեստրոյից, փայլուն երգչուհուց եւ սիրված երգերից…

Տեքստը՝ Լիլիթ Պետրոսյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE