«Ինձ համար առաջնային տեղ ունի ընտանիք ասվածը». Նաիրա Վարդանյանը՝ ամուսնության վերաբերյալ խոսակցությունների մասին

15:03   1 փետրվարի, 2021

Մոդել Նաիրա Վարդանյանը, որը հեռուստադիտողների լայն զանգվածին հայտնի է «Փափուկ խաղալիք» սիթքոմից, ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերում վերջին օրերին հաճախ է կիսվում հարսանեկան տեսանյութերով, ինչը, բնականաբար, նրա հետեւորդների մոտ տարատեսակ քննարկումների ալիք է բարձրացրել՝ արդյոք մոդելն ամուսնացե՞լ է, թե՞ իր հերթական դերն է կատարում: Հարցի պատասխանը պարզելու համար NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Նաիրայի հետ.

«Չէի սպասում, բայց այդ հարցը հետաքրքրեց շատերին: Շտապեմ պատասխանել, որ ոչ, չեմ ամուսնացել. ինչպես ասում են՝ իմ սիրտը դեռ ազատ է, պարզապես, ժամանակ առ ժամանակ առաջանում են մտքեր, սցենարներ, որոնց փորձում եմ հոլովակի տեսքով ազատություն տալ եւ ստեղծագործել»,-նշեց մոդելը՝ հավելելով, որ այդպիսի հարցադրումներով անձնական նամակներ է անգամ ստանում, որոնցում հետաքրքրվում են՝ «իսկ ո՞ւր է փեսացուն»:

«Ի զարմանս ինձ` նամակները շատ էին՝ շնորհավորանքներ եւ այլն… Կամ հանրությունն ուզում էր ինձ հարսիկի կերպարում տեսնել, կամ զուտ հայկական հետաքրքրասիրություն էր»:

Այնուամենայնիվ, Նաիրան կարծում է՝ իր կյանքի կարեւորագույն օրերից մեկը սարերի ետեւում չէ.

«Ինձ համար առաջնային տեղ ունի ընտանիք ասվածը, եւ այդ քայլին պետք է գնալ արդեն հասուն ու գիտակից վիճակում: Այդ միակին հանդիպելու դեպքում, կարծում եմ, մեծ հաճույքով կկիսվեմ հանրության հետ»:

Ինչ վերաբերում է եթերային նորություններին՝ մոդելը նշեց.

«Կան նախագծեր եւ նոր ֆիլմեր, որոնք դեռ քննարկման փուլում են: Ես մեծ սիրով եմ մոտենում ինչպես մոդելինգին, այնպես էլ դերասանական գործունեությանս: Պետք է նշեմ, որ «Փափուկ խաղալիք» սիթքոմից հետո ստացածս դրական արձագանքներն էլ ավելի մեծ շարժառիթ ու ուժ հանդիսացան, որ ավելի մեծ տեմպով գործունեություն ծավալեմ տվյալ ոլորտում»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Էդգար Մելքոնյանի



© NEWS.am STYLE