12:15 14 սեպտեմբերի, 2013Աշխարհահռչակ երգչուհի Շերը 2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիադան բացելու հրավեր է ստացել:
Սակայն 67-ամյա աստղն անմիջապես հրաժարվել է: Կանադական Maclean’s հրատարակությանը տված հարցազրույցուն նա պարզաբանել է, որ պատճառը սեռական փոքրամասնությունների հանդեպ Ռուսաստանի կառավարության բացասական վերաբերմունքն է:
«Ես չեմ կարող անուն ասել, բայց իմ մի ընկերը՝ հայտնի օլիգարխ, ինձ հարցրեց, չէի՞ ցանկանա, արդյոք, դառնալ Օլիմպիական խաղերի դեսպանը եւ բացել հանդիսությունը: Ես անմիջապես ասացի՝ ոչ, քանի որ ցանկանում եմ իմանալ, թե որտեղից է համասեռամոլների հանդեպ այդքան բացասական վերաբերմունքը Ռուսաստանում: Նա պատասխանեց, որ ռուս ժողովուրդը կառավարությունից տարբեր տեսակետ ունի»,- հայտարարել է Շերը:
Նշենք, որ Շերի Closer to the Truth ալբոմը թողարկվում է երգչուհու վերջին՝ Living Proof սկավառակից 12 տարի անց: Ալբոմի Woman’s World երգի հիման վրա նկարահանված պարային տեսահոլովակում, որը խոստանում է դառնալ ակումբների հիթը, Շերը ներկայանում է բազմերանգ եւ տարատեսակ կեղծամներով:
Հիշեցնենք, որ ալբոմը թողարկվելու է հոկտեմբերի 14-ին: Դրանում ներառվելու է վերջին տարիներին երգչուհու ձայնագրած 11 կոմպոզիցիա: Երգը նվիրված է կանանց: Այս մասին իր Twitter-ում պատմել էր Շերն ինքը. «Երբ ես սկսեցի կատարել այս երգը, մտածում էի ուժեղ կնոջ մասին: Քիչ ավելի ուշ ես որոշեցի, որ նա կոչվելու է Woman’s World: Մենք հզոր ենք: Դե, տղամարդիկ նույնպես, իհարկե»:
Նշենք, որ Շերի վերջին սկավառակը թողարկվել է 2001 թվականին: Շերը երաժշտական արտադրության պատմության մեջ ամենաշատ ձայնագրություն վաճառած կատարողներից է: Նրա «Believe» սինգլը 1999 թվականին ամենաշատ վաճառվածներից է: Ամբողջ աշխարհում վաճառվել է այդ կոմպոզիցիայի ավելի քան 10 մլն օրինակ: