11:19 14 սեպտեմբերի, 2013Երեկ երեկոյան՝ սեպտեմբերի 13-ին, երեւանյան Bourbon St.-ում պատմական իրադարձություն է կայացել. առաջին անգամ իրենց համատեղ երաժշտական կարիերայի ընթացքում երկուսով ելույթ են ունեցել հանրահայտ Armenian Navy Band խմբի անդամներ Արտո Թունջբոյաջյանը եւ Վահագն Հայրապետյանը:
Երաժիշտները հանդես են եկել միանգամայն նոր՝ իմպրովիզացիոն ծրագրով, որն ավանգարդ ֆոլքի միախառնում է հայկական ժողովրդական երաժշտության, ջազի, տանգոյի եւ նույնիսկ դասականի հետ: Իրադարձությունը պատմական էր, եւ այդ կապակցությամբ երաժիշտները երկար էին պատրաստվել: Ակումբի այցելուներին հաճելի անակնկալ էր սպասում:
Կատարյալ լռության մեջ «Պարել» երգը կատարելով՝ դահլիճ մտան Արտոն եւ Վահագնը, ընդ որում՝ Արտոն, ինչպես միշտ, յուրօրինակ իմպրովիզացիոն լուծում էր գտել. նա իրեն եւ Վահագնին նվագակցում էր ավազով շշերի օգնությամբ:
Արտոն նվագում էր լարային եւ հարվածային, իսկ Վահագնը՝ ստեղնաշարային գործիքները: Ամբողջ համերգի ընթացքում նրանք անընդհատ զարմացնում էին հանդիսատեսին նոր ու նոր երաժշտական անակնկալներով: Արտո Թունջբոյաջյանն աշխարհահռչակ ավանգարդ երաժիշտ է, կոմպոզիտոր եւ մուլտիգործիքավորող:
Արտոն «Գրեմմի» եւ World Music Award մրցանակների դափնեկիր է, հանդես է գալիս ֆոլք, ջազ, էմբիենթ, ֆոլք-ռոք ժանրերում: Նա ստեղծել է Armenian Navy Bandy խումբը, որի կազմում նվագում են այնպիսի հայտնի ջազիստներ, ինչպիսիք են Վահագն Հայրապետյանը եւ Արմեն Հյուսնունցը:
Նա երաժշտություն է գրել մի շարք հայկական եւ արտասահմանյան ֆիլմերի համար, ԱՄՆ-ում համագործակցել է ջազի լեգենդներ Չեթ Բեյքերի, Էլ Դի Մեոլայի եւ Ջո Զավինուլայի, ինչպես նաեւ Փոլ Վինթերի եւ «Earth Band»-ի հետ:
Բացի այդ, Արտոն համագործակցել է նաեւ հայտնի System of A Down ռոք-խմբի հիմնադիր Սերժ Թանկյանի հետ, որի արդյունքում թողարկվել է հայտնի Serart ձայնասկավառակը: Վահագն Հայրապետյանը հայտնի ջազ դաշնակահար, կոմպոզիտոր է, «Կատուներ» խմբի հիմնադիրը: Հայրապետյանը ելույթ է ունեցել այնպիսի ջազմենների հետ, ինչպիսիք են Իգոր Բութմանը, Դանիիլ Կրամերը, Էլվին Ջոնսը, Բարրի Հարրիսը:
Նա հանդես է գալիս Armenian Navy Band խմբի կազմում, ինչպես նաեւ ղեկավարում է «Կատուներ» ջազ-ռոք սեպտետը: 2011 թվականին Հայրապետյանը երաժշտություն է գրել հայտնի հայ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ աղմուկ բարձրացրած «Խճճված զուգահեռներ» ֆիլմի համար, ինչպես նաեւ ձայնագրել է Singin′& Swingin’ անվանումով իր առաջին ջազային ձայնասկավառակը: