Այսօր Բոբ Մառլին կդառնար 76 տարեկան. 5 հետաքրքիր փաստ ռեգգիի «արքայի» մասին

14:12   6 փետրվարի, 2021

Ճամայկացի երաժիշտ եւ կոմպոզիտոր, ռեգգի ժանրի ամենահայտնի կատարող Բոբ Մառլին այսօր՝ փետրվարի 6-ին, կդառնար 76 տարեկան:

Բոբ Մառլին ռաստա կոչվող կրոնական շարժման հետեւորդ էր: Հենց այդ հավատքի պատճառով էլ Բոբը հրաժարվեց ոտքի բութ մատի ամպուտացիայից, երբ նրա մոտ հայտնաբերեցին մելանոմա, քանի որ նա ասում էր՝ «Ռաստան դեմ է մարմնի որեւէ հատվածի հատմանը: Ես թույլ չեմ տա, որ ինձ մասնատեն»:

Բոբը երկար էր բուժվում հիվանդությունից, սակայն 1981 թ-ին նրա երկրային կյանքի թելն ավարտվեց: Մառլիի վերջին խոսքերն էին. «Փողը չի կարող գնել կյանք»:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 հետաքրքիր փաստ Բոբ Մառլիի մասին:

Իրական անունը

Չնայած աշխարհը նրան ճանաչում է՝ որպես Բոբ Մառլի, նրա մայրը նրան այլ անուն է տվել՝ Նեստա Ռոբերթ Մառլի: Ինչպես գրում է Clash Music կայքը՝ նա հրաժարվել է Նեստա անունից, որովհետեւ մարդիկ ասում էին, որ դա աղջկա անուն է:

Փոքր տարիքում նա ձեռքի ափին նայելով գուշակություն էր անում

Երբ Մառլին 4 տարեկան էր, շատերը հայտնաբերեցին, որ այն, ինչ նա ասում էր մարդկանց ձեռքերի ափերին նայելիս, իրականություն էր դառնում: Բայց 7 տարեկանում նա որոշեց թողնել այդ զբաղմունքը՝ տրվելով երաժշտությանը: Չափահաս տարիքում մի կին խնդրել է Մառլիին կարդալ իր ափին «գրվածը», ինչին ի պատասխան՝ երգիչն ասել է,- «Ես այլեւս դրանով չեմ զբաղվում, ես այժմ երգում եմ»:

13+ երեխաների հայրը

21 տարեկանում երգիչն ամուսնացել է տեղական դպրոցներից մեկի ուսուցչուհի Ռիտա Անդերսոնի հետ, եւ մինչեւ մահ նրա հետ ամուսնացած է եղել: Նա որդեգրել է Ռիտայի դստերը, իսկ համատեղ կյանքի ընթացքում զույգը եւս 4 երեխա է ունեցել: Համաձայն Biography.com կայքի՝ նա մի քանի այլ կանանցից էլ է երեխաներ ունեցել, նաեւ որդեգրել իր կնոջ՝ Ռիտայի՝ մեկ այլ տղամարդուց ունեցած որդուն: Մառլին պաշտոնապես ճանաչել է իր 13 երեխաների հայրությունը, չնայած՝ կան խոսակցություններ, որ իրականում նա ավելի շատ երեխաներ է ունեցել:

Նրա երեխաները շարունակում են իր գործը

Մառլիի զավակները շարունակում են իր գործը. նրա ավագ որդին՝ Զիգի Մառլին, 8 «Գրեմմիի» դափնեկիր է, նաեւ 14 անգամ նոմինացված է եղել հեղինակավոր մրցանակաբաշխությանը: Դուստրը՝ Սեդելա Մառլին, ղեկավարում է ընտանեկան՝ Tuff Gong բիզնեսը: Առհասարակ, նրա բոլոր երեխաներն էլ հաջողությամբ զբաղվում են ժամանցային ոլորտի տարբեր գործունեությամբ՝ նորաձեւությունից մինչեւ խոհարարական գրքեր:

Forbes-ի՝ «Մահից հետո ամենաբարձր վարձատրվող աստղերի» ցուցակում Մառլին 6-րդ տեղում է

Բոբ Մառլիի մահից հետո, անգամ, նրա երաժշտությունը շարունակում է պահանջված ու սիրված մնալ, այդ պատճառով էլ նրա արվեստը շարունակում է եկամուտ բերել: 2016-ին Մառլին հայտնվել է Forbes-ի՝ «Մահից հետո ամենաբարձր վարձատրվող աստղերի» ցուցակի 6-րդ հորիզոնականում՝ հաջորդելով մյուս լեգենդար երգիչներին՝ Փրինսին, Էլվիս Փրեսլիին եւ Մայքլ Ջեքսոնին:

Փաստերը՝ Simplemost.com կայքից



© NEWS.am STYLE