Համազգային թատրոնի բեմում կայացավ Վուդի Ալլենի «Ճախրող լամպը» պիեսի հայկական պրեմիերան (ֆոտո)

11:21   8 փետրվարի, 2021

Փետրվարի 6-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում պրեմիերա էր. երկար դադարից հետո թատրոնի հանդիսատեսին ներկայացվեց աշխարհահռչակ ռեժիսոր եւ սցենարիստ Վուդի Ալլենի «Ճախրող լամպը» պիեսի հայկական բեմադրությունը, որը համընկել է ռեժիսորի 85-ամյա հոբելյանի հետ:

Պիեսի գլավոր հերոսը Փոլն է. նա փխրուն ու երկչոտ տղա է, որը երազում է զբաղվել  հրաշագործությամբ։ Փոլն ապրում է մի ընտանիքում, որտեղ միմյանց չեն հանդուրժում։ Նրա ծնողներն էլ  ժամանակին երազանքներ են ունեցել, որոնք չեն իրականացրել ու հիմա փորձում են խանգարել որդուն անել դա։ Նրանք կարծում են, որ նա պիտի լինի իրատես եւ իրեն հարմար աշխատանք գտնի։

Ներկայացման ռեժիսոր Մերի Մարգարյանի խոսքով՝ «Ճախրող լամպն» իր պատմությամբ ու խնդիրներով մոտ է մեր հասարակության ապրումներին.

«Գործն ունի շատ ինքնակենսագրական տարրեր: Ամենակարեւորը՝ այն ընտանիքի մասին է: Ես առաջնահերթ ուշադրություն եմ դարձնում այն փաստին՝ արդյոք հանդիսատեսն ունի՞ տվյալ բեմադրության պահանջարկը, ու կարծում եմ՝ այն խնդիրները, որոնք կան մեր պիեսում, կան նաեւ մեր հասարակության մեջ, այդ պատճառով էլ հենց այս գործն է ընտրվել»,-ասում է նա:

Ներկայացման գլավոր հերոսին մարմնավորում է դերասան Նարեկ Բաղդասարյանը, որն անդրադառնալով իր կերպարին՝ նշում է.

«Մենք սովորություն ունենք, ուղղակի, ցանկանալ ինչ-որ բաներ, բայց սովոր չենք գործ անել: Իմ կերպարն այդ տեսակը չէ. նա սիրահարված է հրաշագործությանը, անընդհատ փորձում է կատարելագործվել, բայց մի փոքր վախվորած է: Այնուանենայնիվ, իր կամային հատկանիշներն ավելի ամուր են, քան, օրինակ, իր ծնողներինը եւ ներկայացման մյուս գործող կերպարներինը: Նրա միջոցով նրա մայրն էլ կարողանում է այդ «պատնեշը» կոտրել եւ դեպի լույս դուրս գալ»:

Փոլի մայրիկի դերում հանդես է գալիս թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, որը ոգեւորությամբ է տրամադրված մշակութային կյանքի ակտիվացմանը.

«Հրաշալի է, որ մշակութային ակտիվ կյանք է սկսվել, որովհետեւ մշակութային «պատերազմն», իսկապես, «զինադադարի» իրավուք չունի: Պիեսի շուրջ աշխատանքները սկսվել են ավելի վաղ, հետո կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ հետաձգվել, եւ պրեմիերան համընկել է Վուդի Ալենի 85-ամյակի հետ: Այս ներկայացումը մեր խաղացանկի մեջ շատ ուրույն տեղ ունի՝ շատ մոգական ու հետաքրքիր մթնոլորտ է ներկայացնում»,-շեշտում է նա:

Ներկայացման բեմահարթակը՝ հերոսների տունը, ձեւավորված է այնպես, որ հանդիսատեսը կարող է տեսնել ոչ միայն տվյալ պահին խաղացող դերասանների, այլեւ ներկայացման մյուս կերպարների գործողությունները, ինչը Նարինեն համարում է բեմադրության ամենահետաքրքիր տարրերից մեկը.

«Դրա շնորհիվ հանդիսատեսը ձանձրանալու առիթ, անգամ, չի ունենում»,-ասում է նա:

Անդրադառնալով ներկայացման գաղափարախոսությանը՝ դերասանուհին հավելում է.

«Մենք, երեւի, ճիշտ չենք գնահատում մեր ուժերը, եթե ծայրահեղությունից ծայրահեղություն չընկնենք, լինենք հավասարակշիռ ու յուրաքանչյուրս մեր դիրքում, հարյուր տոկոսանոց արդյունքի կհասնենք: Հիմա թատրոնով սկսում ենք նոր ճանապարհ, իհարկե, այն շատ դժվար էր: Մենք սկսեցինք արցախյան հյուրաաղերից, ու հիմա ավելի մեծ պահանջ ունենք ինքներս մեզանից»:

«Ճախրող լամպը» ներկայացման բեմադրիչը Անուշ Բաղդասարյանն է, երաժշտական ձեւավորումը կատարել է Նարեկ Բաղդասարյանը: Դերերում բացի Նարինեից ու Նարեկից՝ հանդես են գալիս նաեւ Վարշամ Գեւորգյանը, Հարություն Սարգսյանը, Մխիթար Ավետիսյանը եւ Միլենա Ղազարյանը:

Բեմադրությունը կներկայացվի նաեւ փետրվարի 7-ին, 14-ին եւ 27-ին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Շանթ Սեւագ



© NEWS.am STYLE