«Իմ կյանքում կարեւորում եմ շատ «երեկը», որովհետեւ, եթե չլիներ անցյալը, չէինք լինի այսօր ու այսպիսին». 20 փաստ Մանե Մխոյանի մասին

18:11   15 փետրվարի, 2021

Օրերս Երեւանում կայացավ Արշալույս Հարությունյանի «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան, որի առանցքային դերերից մեկը կատարում է դերասանուհի-հաղորդավարուհի Մանե Մխոյանը: Դերասանուհին հեռուստադիտողի շրջանում հայտնի է նաեւ «Պատվի համար» եւ «Անատոլիական պատմություն» հեռուստասերիալներից: NEWS.am STYLE-ը «20 փաստ հայտնիների մասին» խորագրի շրջանակում փորձել է Մանեին բացահայտել կադրից դուրս:

Մանե, օրդ սկսվում է...

Ամենաուշը առավոտյան 8-ին` մի բաժակ դառը սեւ սուրճով, բայց եթե աշխատանքի եմ լինում` ժամը 6-ին, որպեսզի կարողանամ կարգավորել ձայնս ու հեռուստադիտողին ասել` «Բարի լույս»:

Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:

Առանց դառը սուրճի, որը միշտ օգնում է ուժերը հավաքել, վերականգնվել, եւ, իհարկե` առանց ջրի:

Կերակուր, որը տանել չես կարողանում:

Տանել կարողանում եմ, բայց երբեք չեմ փորձել խաշ, չգիտեմ` ինչ համ ունի, ու ինձ թվում է` չեմ էլ փորձի:

Հասակդ ու քաշդ:

Հասակս` 168 սմ, քաշս` 47 կգ:

Ամենալավ ու ամենավատ սովորություններդ:

Ամենավատ սովորությունս` շատ դառը սուրճ խմելը: Իհարկե, սա կատակ է, բայց կարծում եմ` իմ թե լավ, թե վատ սովորությունն այն է, որ փորձում եմ ամեն ինչում, բոլորի մեջ ու բոլոր տեսակի հարաբերություններում, իրավիճակներում գտնել դրական ու լուսավոր ինչ-որ բան:

Ամենասիրելի գիրքդ:

«Փոքրիկ իշխանը». այն երկար ժամանակ է` իմ սիրելի գրքերի շարքում առաջին տեղում է:

Ինչպե՞ս են քեզ դիմում մտերիմներդ:

Այդ առումով շատ հարուստ եմ (ծիծաղում է)` «Ման», «Մանե» տարբերակներով կազմվող բոլոր անուններով ինձ դիմում են. ամեն մեկն իր դիմելու ձեւն ունի:

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Ժամանակին շատ փոքրիկ վախեր ունեցել եմ, բայց ֆոբիա չունեի... Հիմա արդեն ունեմ. չգտեմ` կա աշխարհում նման ֆոբիա, թե ոչ, բայց վախենում եմ պատերազմից...

Ամենատպավորիչ ֆիլմը, որ դիտել ես:

Ֆիլմեր շատ եմ սիրում, շատ եմ դիտում ու շատ եմ տպավորվում: Հաճախ ֆիլմերից ու կերպարներից ինչ-որ բաներ ասոցացնում եմ ինձ հետ, բայց ինձ համար ամենատպավորիչ «ֆիլմը» 2020 թ-ն էր, որին, եթե նայենք որպես ֆիլմ` ամբողջ աշխարհի համար էր «տպավորիչ» ու շատ դասեր տվող:

Ի՞նչը տանել չես կարողանում մարդկանց բնավորության մեջ:

Միայն բացասականը: Ինչքան էլ մարդ ունենա բնավորության վատ գծեր, բայց դրական տրամադրված լինի իր ընկերների, օրվա, շրջապատի նկատմամբ, ամեն ինչ լավ կլինի: Եթե չլինի նեգատիվը, ցանկացած բնավորության գիծ տանելի կդառնա:

Օր, որը կցանկանայիր ջնջել քո կյանքից:

Իմ կյանքում կարեւորում եմ շատ «երեկը», որովհետեւ, եթե չլիներ անցյալը, եթե չլիներ նախորդ օրը, չէինք լինի այսօր ու այսպիսին: Չեմ ուզում ջնջել որեւէ օր` լինի ուրախ, վատ կամ նեգատիվ, որովհետեւ հենց այդ օրերն են մեզ դարձնում այնպիսին, ինչպիսին կանք: Եթե ջնջեմ, այլ մարդ կլինեմ, ոչ թե ես:

Քո ականջակալներում հաճախ հնչում է...

Հաճախ լսում եմ Համասյան, որովհետեւ նրա երաժշտությունը կարողանում է ինձ հանգստացնել:

Կյանքում ի՞նչ երբեք չես անի:

Երբեք չեմ ասի «երբեք», որովհետեւ մարդն անկանխատեսելի է ու կարող է շատ տարբեր իրավիճակներում անել բաներ, որոնց մասին երբեւէ չի էլ մտածել...

Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Բանալիներ, հեռախոս ու դրամապանակ:

Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:

Երեւի` սեւը, որովհետեւ սեւի մեջ բոլոր գույները կան` քիչ-քիչ:

Միջադեպ, որը ստիպել է քեզ ամաչել կամ անհարմար զգալ, որը մինչ օրս հիշում ես:

Այդպիսի միջադեպեր շատ կան իմ կյանքում ու շատ են պատահում ինձ հետ, բայց չկա այդպիսի մի դեպք, որը հիշելուց ամաչեմ: Հաստատ այդ պահին ամաչել եմ, կարմրել կամ ծիծաղել ու անցել:

Վերջին անգամ ինչի՞ց ես նեղվել:

Վերջին շրջանում նեղվելու առիթները շատ-շատ էին: Հիմա նեղվելու պահին ամեն ինչին փորձում եմ այլ կերպ նայել, ավելի սառը, ավելի սթափ դատել. փորձում եմ շատ էմոցիոնալ չարձագանքել կատարվող իրադարձթյուններին ու այն իրականությանը, որն ունենք:

Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում:

Արտաքինս սիրում եմ այնպիսին, ինչպիսին կամ ու չեմ փորձել երբեւէ փոփոխություններ անել, կոնկրետ ինչ-որ հատվածների վրա էլ չեմ կենտրոնանում, որովհետեւ ինձ ամեն ինչ դուր է գալիս:

Ի՞նչը կփոխեիր կյանքումդ:

Ոչինչ ու ոչ մեկին չէի փոխի իմ կյանքում: Այն մարդիկ, որոնք հայտնվել են իմ շրջապատում, որոնց հետ առիթ եմ ունեցել շփվել, աշխատել, իմ կյանքում որեւէ հետք թողել են` թե լավ, թե վատ:

Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:

Տանել չեմ կարողանում անձնական բնույթի հարցերը, մասնավորապես, երբ սկսում են ոչ թե հարցնել, այլ հարցաքննել (ծիծաղում է):

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մանե Մխոյանի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE