The Beautified Project հայտնի ռոք-խումբը շուտով կներկայացնի իր նոր՝ United we fall ձայնասկավառակը (ֆոտո)

22:12   16 սեպտեմբերի, 2013

The Beautified Project հայկական ճանաչված ռոք-խումբը շուտով ներկայացնելու է իր նոր՝ United we fall անվանումով ձայնասկավառակը: Այս մասին NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց խմբի ղեկավար եւ մեներգիչ Անդրե Սիմոնյանը:

«Արդեն 14 ամիս է՝ սկավառակի ձայնագրման ուղղությամբ ենք աշխատում: Սա մեր երրորդ ալբոմն է, որը կոչվում է United we fall: Գաղափարը ծնվեց, երբ ես անցյալ տարի ճամփորդում էի տարբեր երկրներով՝ Ասիայում, Ամերիկայում, Եվրոպայում, եւ զգացի, որ բոլոր ազգերը բողոքում են ֆինանսական իրավիճակից: Հարուստների եւ աղքատների միջեւ ճեղքվածքն ավելի է մեծացել, եւ մարդկային ագահությունը հասել է մի կետի, որից վերադարձ չկա: Եվ մենք որոշեցինք ալբոմն անվանել United we fall, այսինքն՝ բոլորս միասին պարտվել ենք այս խաղում»,- պատմեց երաժիշտը:

Նրա խոսքով, ալբոմի շապիկի գաղափարը, որի հեղինակը դիզայներ Արվին Քոչարյանն է, միանգամայն համապատասխանում է անվանմանը եւ պատկերում է 21-րդ դարի Եվային՝ խնձորը ձեռքին, «ով նույնիսկ այս աշխարհից է վտարվում, այսինքն՝ այս նյութական աշխարհին էլ արժանի չէ»:

Ալբոմը թողարկվելու է հոկտեմբերի 21-ին, նույն օրն էլ Երեւանի պետական տիկնիկային թատրոնում կայանալու է ձայնասկավառակի համերգ-շնորհանդեսը, որի ընթացքում առաջին անգամ ալբոմի բոլոր երգերը բեմից կհնչեն կենդանի կատարմամբ:

Բացի այդ խմբի երկրպագուները համերգից հետո հնարավորություն կստանան շփվել իրենց սիրելի խմբի անդամների հետ, նրանց կողմից ստորագրված սկավառակներ ձեռք բերել:

Ռոք-խմբի ղեկավարը նաեւ հայտնեց, որ ալբոմի առաջին՝ Save me երգի տեսահոլովակը կթողարկվի հոկտեմբերի առաջին կեսին, իսկ երկրպագուներն այն առաջին անգամ լսելու հնարավորություն կունենա հոկտեմբերի 12-ին, Ռադիո Վանի Mainstream հաղորդման ընթացքում: Ալբոմը հասանելի է լինելու նաեւ iTunes.com եւ Amazon.com կայքերում:

The Beautified Project հայկական անգլալեզու ռոք-խումբը ստեղծվել է Լոնդոնում, 2005 թվականին, երգիչ ու երգահան Անդրե Սիմոնյանի կողմից: 2006-ին Անդրեն Լոնդոնում թողարկեց խմբի առաջին՝ Serenades for Insanity անվանումով ալբոմը: 2008 թվականին, արդեն Հայաստանում ստեղծագործելու արդյունքում, խումբը ներկայացնում է Հայրենիքում լույս տեսած առաջին անգլալեզու ալբոմը՝ Behink the Happy Mask-ը: Երկու տարի անց կոլեկտիվի նոր՝ Beyond the Butterfly ձայնասկավառակի առաջին՝ Butterfly երգը, հայտնվեց MTV երաժշտական հեռուստաալիքի վարկանիշում:

2011 թվականի դեկտեմբերին The Beautified Project-ը Հայաստանում ստեղծագործող հայկական առաջին ռոք-խումբն է, որը համագործակցություն է սկսել ամերիկյան ընկերության հետ. այն պայմանագիր է ստորագրել հայտնի St.Mongoose Entertainment-ի հետ:

Տեքստը՝ Լիլիթ Պետրոսյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE