«Ազնավուր». համերգ-ներկայացում Համազգային թատրոնում՝ նվիրված մեծ արտիստի հիշատակին

17:15   23 փետրվարի, 2021

Մարտի 11-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքը նշանավորող համերգ-ներկայացում՝ նվիրված մեծ արտիստի հիշատակին։ Ներկայացման հիմքում Շառլ Ազնավուրի ինքնակենսագրական փաստերն են՝ կյանքը լի արկածներով, դժվարություններով, ստեղծագործական վայրիվերումներով եւ, վերջապես, հաղթանակով: Ներկայացման ողջ ընթացքում բեմում արտիստներին նվագակցելու է հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը՝ իր ջազ քառյակով:

Բեմականացումը Ալլա Սահակյանինն է, դերերում են Նարեկ Բաղդասարյանը, Ալլա Սահակյանը, Ստեփան Ղամբարյանը։ Պարերի բեմադրությունը կատարել է Ինեսա Արձաքանցյանը։

«Հայեցակարգն այսպիսին է՝ երեք դերասան պատմում են Ազնավուրի կյանքը՝ այդ ընթացքում խաղալով ինչպես Ազնավուրի, այնպես էլ նրան շրջապատողների կերպարները։ Վերջում բոլորս Ազնավուր ենք դառնում։ Գաղափարախոսությունն այն է, որ եթե մարդը հավատում է ինքն իրեն, ապա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարող է հասնել բաղձալի բարձունքին, ինչն էլ արեց Ազնավուրը։ Դժվարությունները չպետք է թույլ տան, որ մարդն ընկճվի, եւ Ազնավուրի կյանքի պատմությունն ասես դրա դպրոցը լինի»,- ասում է Ալլա Սահակյանը։



© NEWS.am STYLE