The Sun. Ուեսթից ամուսնալուծվելու պատճառ է դարձել Քարդաշյանի հաջողությունը

23:02   25 փետրվարի, 2021

Բրիտանական The Sun պարբերականի լրագրողները կարողացել են պարզել Քիմ Քարդաշյանի եւ նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ամուսնալուծության պատճառները:

Քարդաշյանն ապահարզանի դիմում է ներկայացրել ամուսնու հետ, յոթ տարվա ամուսնական կյանքից հետո։ Զույգին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ խզումը տեղի է ունեցել հեռուստաաստղի հաջողության պատճառով։

«Միլիոնատեր քույրերից յուրաքանչյուրը թույլ չի տալիս իր կողակիցներին եւ ամուսիններին կանգնել հաջողության հասնելու իր ճանապարհին», - նշել են նրանք:

The Sun-ը նաեւ ընդգծում է, որ Քարդաշյանի բոլոր նախկին տղամարդիկ նրանից բաժանվելուց հետո կախվածություն կամ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ են ունեցել: Հայտնի է, որ գործարար Սքոթ Դիսիկը մեկ անգամ չէ, որ հայտնվել է կլինիկայում ալկոհոլային կախվածության դեմ պայքարելու համար, բասկետբոլիստ Լամար Օդոմը բուժվել է սեքսոմանիայից եւ թմրադեղերից կախվածություն է ձեռք բերել, իսկ նախկին ամուսին Քրիս Ջեներ Բրյուսն ընդհանրապես փոխել է սեռը եւ իրեն անվանել Քեյթլին: Ավելորդ չի լինի նշել, որ Քանյե Ուեսթը երկբեւեռ խանգարում ունի։

Ընդ որում, մինչ ռեփերի հետ ամուսնությունը Քարդաշյանը «կասկածելի» համբավ է ունեցել եւ միայն հարաբերությունների ընթացքում կարողացել է հարստանալ եւ դառնալ աշխարհի ամենաազդեցիկ գործարարներից մեկը: Սակայն, այդ նույն ժամանակահատվածում Ուեսթը նկատվել է մի շարք խոշոր սկանդալներում եւ հաճախ քննադատության է ենթարկվել հանրության կողմից։

Քանյեն մի քանի միլիոն դոլար է ծախսել նախագահական մրցարշավին մասնակցելու համար, սակայն կարողացել է հավաքել 160 միլիոն քվեարկողներից միայն 60 հազար ձայն: Միեւնույն ժամանակ, նրա կինն օգնել է բանտային բարեփոխումների միջոցով ազատ արձակել երեք մարդու եւ մի քանի անգամ հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Բացի այդ, լրագրողները հիշեցրել են այն մասին, թե ինչպես է հեռուստաաստղը բողոքել «Քարդաշյանների ընտանիքի» շոուի թողարկումներից մեկում, որ Met Gala-ի ամենամյա պարահանդեսին իրեն զգացել է որպես «Քանյեի հավելում», իսկ մի քանի տարի անց նրան հաջողվել է ամուսնուց ավելի մեծ ժողովրդականություն վայելել:

«Քանյեն կարող է մի քանի անգամ լուսանկարվել ինձ հետ, բայց ես հաստատ ուզում եմ միայնակ նկարահանվել», - ասել է Քարդաշյանը:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը նախորդ շաբաթ պաշտոնապես դիմել է ռեփեր Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու համար։



© NEWS.am STYLE