Մարկ Ցուկերբերգը նոր ռեփ-հարթակ է մշակել

12:08   1 մարտի, 2021

Facebook-ը նոր` Bars ռեփ հարթակ է մշակել, հայտնում է High Snobiety պարբերականը։ Ստեղծողները պնդում են, որ նոր սոցիալական ցանցը նման կլինի տիկտոկին։ Facebook-ը դեռ գործարկել է հավելվածի փակ բետա տարբերակը։ Այժմ օգտատերերը կարող են գրանցվել, որպեսզի պաշտպանեն իրենց օգտանունը եւ մինչեւ պաշտոնական մեկնարկը հերթում տեղ ստանան։

Bars-ի հիմնական առավելությունն այն է, որ հարթակն առաջարկում է մասնագիտորեն ստեղծված բիթեր եւ թույլ է տալիս ստեղծել 60 վայրկյանանոց ռեփ-տեսանյութեր: Բացի այդ, հավելվածում ներկայացված են վոկալային մի քանի էֆեկտներ եւ հանգերի բառարան բոլոր նրանց համար, ովքեր գրանցման ժամանակ նշում են, որ սկսնակ են։

Նրանց համար, ովքեր իրենց համարում են պրոֆեսիոնալ ռեփերներ, ստեղծվել է մի գործառույթ, որը տալիս է ութ պատահական բառ, ինչն էլ կարելի է վերածել ռեփի։ Այնուհետեւ օգտվողները կարող են հրապարակել իրենց տեսանյութը տիկտոկի ոճով։

Հավելվածի մշակողները կարծում են, որ այն լավ միջոց է առանց պրոֆեսիոնալ սարքավորումների հասանելիության աշխատելու համար։ «Ես գիտեմ, որ սկսնակ ռեփերների համար կարող են սահմանափակ լինել ձայնագրման թանկարժեք ստուդիաները եւ պրոֆեսիոնալ սարքավորումների հասանելիությունը։ Ինչպես նաեւ կորոնավիրուսի գլոբալ պանդեմիան սահմանափակել է կենդանի ելույթների քանակը, որոնցում մենք հաճախ ենք կիսում մեր երաժշտությունը», - ասել է Facebook-ից DJ Iyler-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Facebook-ը կդադարի քաղաքական կոնտենտի առաջխաղացումը։ Մարկ Ցուկերբերգը կարծում է, որ սոցցանցը պետք է մերձեցնի մարդկանց, այլ ոչ թե հակառակը։



© NEWS.am STYLE