«Իրինային ամեն ինչ վստահում եմ, ու իմ կյանքում չկա այնպիսի բան, որ նա չիմանա». 20 փաստ Գեւորգ Մկրտչյանի մասին

18:07   2 մարտի, 2021

Երգիչ Գեւորգ Մկրտչյանը, որը հեռուստադիողին հայտնի է նաեւ «Անհասցե ծնվածները» սերիալից, պատասխանել է NEWS.am STYLE-ի «20 փաստ հայտնիների մասին» խորագրի հարցերին: Նա խոսել է նախկին ընկերուհու՝ Իրինա Այվազյանի հետ մտերիմ հարաբերությունների, հայ տղային բնորոշ մենթալիտետի եւ իր մասին այլ հետաքրքիր փաստերի շուրջ:

Գեւորգ, մեկ բառով նկարագրիր քեզ:

Անկանխատեսելի:

Բնավորությանդ ամենատարօրինակ գիծն՝ ըստ քեզ:

Գիտակցում եմ, որ արածս լավությունը չի գնահատվելու, բայց մեկ է` մարդկանց օգնում եմ, երբ դիմում են ինձ, չեմ կարողանում մերժել:

Ունե՞ս մտածելակերպումդ հնաոճ գծեր:

Երբեմն ընկերներս կամ ծանոթներս ասում են` «հին մտածելակերպ ունես», բայց իմ կարծիքով` դա ոչ թե հին, այլ հայ տղային հատուկ մտածելակերպ է: Ամեն դեպքում` կան բաներ, որոնք, ինչպես մյուս հայ տղաների, այնպես էլ` ինձ համար ընդունելի չեն:

Վատ սովորություններ, որոնցից հաջողվել է ազատվել, կամ պատրաստվում ես դա անել:

Ամենավատ սովորությունս, կարելի է ասել, մունաթ գալն է (ծիծաղում է), բայց իմ կարծիքով` դրանից երբեք չեմ ազատվի:

Բաներ, որոնք չանելու համար փոշմանել ես:

Հրաժարվել եմ ինձ հետաքրքրող գործնական առաջարկից մեկ այլ առաջարկի համար, հետո` փոշմանել:

Քանի՞սն են այն ընկերներդ, որոնց կարող ես վստահել ցանկացած գաղտնիք:

Երկուսը. մեկն Իրինան է, ում ամեն ինչ վստահում եմ, ու իմ կյանքում չկա այնպիսի բան, որ նա չիմանա, մյուսը` Արմանը, որը որպես ավագ ընկեր` ինձ միշտ խորհուրդներ է տալիս:

Ամենալավ խորհուրդը, որը քեզ տվել են:

Կողքից խոսացողների ասածներին ուշադրություն չդարձնել, պայքարել նպատակի համար, ու ամեն ինչ լավ կլինի:

Ամենասիրելի ֆիլմդ, որը կարող ես անդադար դիտել:

«Родина»:

Ավագ կոլեգաներիցդ ումի՞ց ես ամենից շատ սովորել:

Նկարահանման հրապարակում ինձ Հարություն Մովսիսյանն է շատ օգնել, ինչի համար նրան շատ շնորհակալ եմ:

Եթե կարողանայիր ստեղծել մի օրենք, որը մինչ օրս չկա, ո՞րը կլիներ դա:

Համացանցում մարդուն վիրավորելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենք, որպեսզի ոչ ոք իրեն թույլ չտա մյուսին վիրավորել:

Երբ 30 րոպե ազատ ժամանակ ես ունենում, ինչպե՞ս ես այն անցկացնում:

Իմ` թե´ ազատ, թե´ զբաղված ժամանակն անցնում է Instagram-ում (ծիծաղում է):

Ամենասիրելի երգդ քո երգացանկից:

Մարտին 8-ին դուք էլ կլսեք:

Ի՞նչն ես ամենից շատ կարոտում քո մանկությունից:

Այն տարիները, երբ կյանքում կորուստ չունեի:

Մանկությանդ ամենասարսափելի հուշը:

Մանկությանս կորստի մասին չեմ կարողանում խոսել. դա այն բանն է, որը միայն իմն է:

Ունակություն, որը կցանկանայիր ունենալ:

Կարողանալ լավ պարել:

Ո՞ր երկրում ես պատկերացնում ապագադ:

Չէի ուզի Հայաստանից բացի մեկ այլ տեղ պատկերացնել, բայց չգիտես` հանգամանքների բերումով որտեղ կհայտնվես:

Ինչի՞ մասին նորություններին ես ամենից շատ հետեւում նյուզֆիդումդ:

Միայն հետեւում եմ ռուսական շոու-բիզնեսի մասին նորություններին:

Ամենածիծաղելի բամբասանքը, որը քո մասին լսել ես:

Ամեն տեսահոլովակից հետո` սիրավեպ տվյալ տեսահոլովակի հերոսուհու հետ:

Ճանաչված մարդկանցից ո՞ւմ հետ կցանկանայիր ընթրել:

Մոնիկա Բելուչիի:

Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են վերջին շրջանում:

«Բաժանվե՞լ եք...»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Գեւորգ Մկրտչյանի Instagram-ից



© NEWS.am STYLE