Մահացել է լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը

12:30   3 մարտի, 2021

89 տարեկանում մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը։

Նա ծնվել է 1932թ․-ի մարտի 8-ին Երեւանում՝ արվեստագետների ընտանիքում։ Մեդեա Աբրահամյանի ճակատագրի առաջին կանխագուշակը Ռոմանոս Մելիքյանն էր: Ազգային երաժշտության զարգացման խնդիրներով ակտիվորեն զբաղվող կոմպոզիտորն ու հասարակական գործիչը, մանկապարտեզներում փնտրելով երաժշտական ընդունակություններով օժտված երեխաների, մի առանձին ուշադրություն է դարձնում Մեդեայի երգելուն. «Այս երեխան անպայման երաժիշտ կդառնա»:

Մեդեա Աբրահամյանի նվագացանկը մեծ էր՝ հնագույն դպրոցի վարպետներից մինչեւ դասական եւ ռոմանտիկ երաժշտության ներկայացուցիչների եւ 20-րդ դարի կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործություններ:

Նրա կատարողական արվեստում հատուկ տեղ են զբաղեցնում հայ խորհրդային կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք գրեթե բոլորը կապված են նրա անվանը: Այդ ստեղծագործությունների մեծ մասը ստեղծվել է նրա անմիջական մասնակցությամբ, դրանցից շատերը նվիրվել են նրան եւ առաջին անգամ կատարվել նրա կողմից:



© NEWS.am STYLE