Կիպրոսի Ուղղափառ եկեղեցին կոչ է արել թույլ չտալ «սատանայական» երգը ներկայացնել «Եվրատեսիլ» երգի մրցույթին

22:21   3 մարտի, 2021

Կիպրոսի Ուղղափառ եկեղեցու սրբազան սինոդը կոչ է արել երկրի իշխանություններին թույլ չտալ «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթին մասնակցել El Diablo երգը, որն ընտրել են շոուի ժամանակ՝ կղզի պետությունը ներկայացնելու համար, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կիպրոսի Ուղղափառ եկեղեցու ղեկավար մարմնին:

RIK հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Անդրեաս Ֆրանգոսն ասել է, որ իրենք չեն փոխի ընտրված երգը հասարակության վրդովմունքի պատճառով եւ որ դրա իմաստը սխալ են հասկացել: Նա պնդում է, որ որեւէ մեկի կրոնական զգացմունքները վիրավորելու ոչ մի մտադրություն չի եղել։ Ստեղծագործությանը դեմ մարդիկ այն անվանել են «սատանայական»։

Կիպրոսի Ուղղափառ եկեղեցու սինոդը հայտարարության մեջ հիասթափություն եւ անհամաձայնություն է հայտնել ինչպես RIK-ի տնօրենների խորհրդի, այնպես էլ այլ ղեկավարների դիրքորոշման վերաբերյալ: Եկեղեցու ներկայացուցիչների խոսքով՝ ժողովրդի իրավունքների, ազատության ու բարոյական արժեքների գերակայության նրանց պահանջների առաջ մղմանը նպաստելու փոխարեն, հեռուստատեսությամբ «համաշխարհային ծաղր են պատրաստում մեզ վրա՝ հայտարարելով, որ մենք հանձնվում ենք դեւին եւ առաջ ենք մղում նրա երկրպագությունը»: Սինոդում կոչ են արել երգը փոխարինել մեկ այլ երգով, «որն արտահայտում է Կիպրոսի պատմությունը, մշակույթը, ավանդույթներն ու ձգտումները»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երգի ընտրությունը, որում կան «Ես իմ սիրտը տվել եմ դեւին, ես սիրում եմ դեւին» տողերը, զայրացրել են Կիպրոսի հասարակության մի մասին: Հեռուստատեսություն սկսել են պահանջներ ներկայացնել, որպեսզի մրցույթից ստեղծագործությունը հետ կանչեն։ Ոմանք նաեւ սպառնացել են հրկիզել հեռուստաընկերության շենքը:



© NEWS.am STYLE