«Ես երբեք նրան չեմ պաշտպանում կյանքի դժվարություններից. երեխաները պետք է կյանքի փորձ ձեռք բերեն». Անահիտ Սիմոնյան

19:41   3 մարտի, 2021

Երգչուհի Անահիտ ՍԻմոնյանն ընտանեկան ջերմ լուսանկարի է հրապարակել, որի մեկնաբանություններում խոսել է որդու դաստիարակության մասին։ Instagram-ում տեղադրված կադրերում Անահիտը պատկերված է իր ու երգիչ Հայկոյի որդու՝ Արմանի հետ։

«Երբեմն մոռանում ենք, որ տունն ու ընտանիքն ամեն ինչից վեր է: Ընտանիքը միակ տեղն է, որտեղ մենք միշտ սեր եւ հարգանք ենք գտնում: Որդիս իմ ուրախությունն է, նրա կողքին մնացած ամեն ինչ կորցնում է իր փայլը: Մենք լավ ընկերներ ենք: Կարծում եմ ՝ ընկերությունը հաջողակ ընտանիք կազմելու ամենաամուր հիմքերից է: Հենց ընկերության զգացումն է, որ մեզ միասին է պահում, օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ես միշտ փորձում եմ ավելի շատ ժամանակ հատկացնել նրան, հետաքրքրացնել շրջակա միջավայրով, խոսել ամեն ինչի մասին, վերաբերել նրան որպես անհատի:

Ես երբեք նրան չեմ պաշտպանում կյանքի դժվարություններից: Երեխաները պետք է կյանքի փորձ ձեռք բերեն, որպեսզի հետագայում կարողանան հաջողության հասնել: Կարեւորն այն է, որ մեր բոլոր գործողությունները պետք է հիմնված լինեն սիրո, համբերության, հարգանքի եւ փոխըմբռնման վրա»,- գրել է նա։



© NEWS.am STYLE