15:05 4 մարտի, 2021Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանն օրերս է վերադարձել Աֆրիկա կատարած իր հերթական ճանապարհորդությունից, որի ամենահետաքրքիր դրվագներն արդեն ցուցադրվում են նրա հեղինակային՝ «Տնից հեռու» եւ «Աշխարհի համերով» ճամփորդական նախագծերում: Վարդանն արդեն պլանավորում է իր հերթական շրջագայությունը, իսկ օրերս դրան զուգահեռ՝ հասցրել է ներկայացնել իր ամենահայտնի հիթերից մեկի՝ «Խենթ, խենթ, խենթ»-ի նոր տարբերակը, որը զուգերգ է դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանի հետ:
Ի դեպ, տարիներ առաջ հենց Ռաֆայելի անմեղ նմանակման պատճառով շատերը սկսեցին հումորով վերաբերվել տվյալ երգին, ինչը, Վարդանը չի թաքցնում, որ ստիպել էր իրեն տխրել, սակայն, ինչպես խոստովանում է NEWS.am STYLE-ի հետ զրույցում՝ Ռաֆոյից երբեք նեղացած չի եղել: Մեր նոր հարցազրույցում ամենաճամփորդասեր հաղորդավարը պատմել է իր կյանքի մյուս խենթությունների մասին…
Վարդան, օրերս կայացավ Ռաֆայել Երանոսյանի հետ քո «Խենթ, խենթ, խենթ» երգի նոր տեսահոլովակի պրեմիերան. ի՞նչ արձագանքներ ես ստացել հետեւորդներիցդ՝ ավելի շատ նախկի՞ն, թե՞ նոր տարբերակն են հավանում:
Արձագանքը բավական լավն է, որովհետեւ երգն էլ դրական է, իսկ, հատկապես, մեր՝ խնդիրներով լի առօրյայի մեջ, կարծում եմ, դրականը պակասում է: Փորձել ենք այնպես անել, որ մարդիկ տեսահոլովակը դիտելիս լավ տրամադրություն ստանան, եւ հաշվի առնելով այն փաստը, որ մեկ օրվա ընթացքում տեսահոլովակը գրանցել է 100 հազարից ավել դիտում՝ դա արդեն լավ արդյունք է, ինչի համար ուրախ եմ: Առհասարակ, ուրախ եմ, որ Ռաֆի հետ որոշեցինք իրականացնել այս նախագիծը:
Իսկ անձամբ քեզ համար ո՞ր տարբերակն է ավելի հոգեհարազատ:
Ինձ համար, իհարկե, ավելի հեգեհարազատ է առաջին տարբերակը, քանի որ դրա ստեղծման ժամանակ ամեն ինչ ուրիշ էր՝ մենք տեսահոլովակը նկարահանում էինք, հետո տեսաերիզներ էին թողարկվում, մարդիկ դրանք գնում էին, տարբեր խանութների էկրաններին եւ հեռուստատեսությամբ այդ տեսահոլովակները, պարբերաբար, պտտվում էին... ամեն բան ավելի հետաքրքիր էր: Այդ տարիների համար տեսահոլվակը, կարելի է ասել, «բոմբ էր»՝ ժամանակակից էր, ռիթմիկ, առաջին համբույրն էր հայկական տեսահոլովակում... Այս նախապատմության համար էլ ինձ ավելի հոգեհարազատ է առաջին տարբերակը, բայց նորը եւս ինձ դուր է գալիս, որովհետեւ այն ավելի արդիական է այսօր:
Բազմիցս պատմել ես քո եւ Ռաֆայելի զուգերգի նախապատմությունը՝ այն, որ ժամանակին Ռաֆոյի անմեղ կատակի պատճառով հանրությունը սկսեց հումորով վերաբերվել քո երգին. այդ ժամանակ նեղվածություն կա՞ր Ռաֆայելի նկատմամբ:
Այո, հումորն այլ ձեւ էր ընկալվել, բայց ես Ռաֆի հանդեպ երբեք նեղվածություն չեմ զգացել, միշտ էլ լավ շփվել ենք: Առհասարակ, ուզում եմ ասել, որ Ռաֆին շատ եմ գնահատում՝ որպես շատ աշխատասեր մարդու. ես՝ ինքս էլ այդպիսին եմ: Այնպես որ՝ իրենից նեղացած չեմ եղել, բայց, իհարկե, ապրել եմ շատ տհաճ պահեր, բայց ուրախ եմ, որ այդ ամենն անցավ, դարձավ պատմություն, ու մեր զուգերգը ապացուցեց, որ ոչինչ միտումնավոր չէր եղել, իսկ մարդիկ իմ նախագծերի շնորհիվ հասկացել են՝ ինչպիսին եմ ես ու գնահատել են դա:

Երգի ստեղծումից անցել են շատ տարիներ. հետաքրքիր է՝ այս ընթացքում քանի՞ խենթ աղջկա ես հասցրել նվիրել կատարումդ:)
(Ծիծաղում է):Առհասարակ, իմ կյանքում խենթ մարդիկ շատ են, այնպես որ՝ խենթ աղջիկներ շատ եմ ունեցել իմ կողքին, այս պահին էլ՝ կան, այդպիսով՝ թվեր չեմ կարող նշել: Խենթ աղջիկ ասելով պետք չէ նկատի ունենալ միայն սիրային հարաբերությունները. խենթ կարող են լինել նաեւ ընկերները, բարեկամները, տարբեր մարդիկ, առանց որոնց այսօր դժվար է ապրել:

Շարունակելով խենթությունների թեման՝ անդրադառնանք խենթ առօրյայիդ. կրկին ճանապարհորդում ես «Տնից հեռու» եւ «Աշխարհի համերով»...
Այո, այսքան պասիվությունից հետո հիմա ահավոր ծանրաբեռնված գրաֆիկ ունեմ, ինչը երբեմն, նույնիսկ, ինձ նյարդայնացնում է: Հիմա անդադար ճանապարհորդում եմ, իրականացնում նաեւ իմ խմբային ճանապարհորդությունները: Վերադարձել եմ Աֆրիկայից. եղել եմ Ուգանդայում, Տանզանիայում՝ նկարահանելով «Տնից հեռու»-ն եւ «Աշխարհի համերով»-ը, որոնք արդեն եթերում են: Մի խոսքով՝ աշխատանքը շատ է, բայց ես փորձում եմ այդ ռիթմով ապրել, ու կարծում եմ՝ հենց այդ ռիթմն է ինձ ստիպում միշտ ավելի երիտասարդ լինել:

Նկարահանումների համար միշտ պատրաստակամորեն անցնում ես մի շարք փորձություններով, դիմում տարբեր «զոհողությունների»՝ առողջական եւ այլն… Այս եթերաշրջանում ի՞նչ նոր հետաքրքիր արկածների միջով ես անցել:
Ընդհանրապես յուրաքանչյուր ճանապարհորդության ժամանակ ինչ-որ անակնկալներ լինում են՝ թե´ լավ, թե´ վատ առումով: Այս անգամն էլ բացառություն չէր՝ մեծ խնդիրներ առաջացան նկարահանումների ժամանակ. պարզվեց, որ ցեղերից մեկին չէր կարելի նկարահանել, իսկ ես երեկոյան գնացել էի նկարահանման՝ չիմանալով, որ նրանք գինովցած են, ու մեծ խնդիրներ ունեցանք… Մեզ, նույնիսկ, չէին թողնում այդ գյուղից դուրս գալ, մեր ուղեկցողն էլ շատ վախեցած էր, բայց, իհարկե, փորձեցինք ամեն բան հարթել ու դուրս գալ անհարմար վիճակից: Երբ նկարահանում ես այդպիսի վայրեր, որտեղի մարդիկ մտածելակերպով տարբերվում են մեզանից, խնդիրներ հաճախ են առաջանում: Բայց երբ շատերը դիտում են հաղորդումը հեռուստատեսությամբ, ասում են՝ «Երանի՜ քեզ»՝ չհասկանալով, թե ինչ դժվարություններ են իրականում առաջանում նկարահանման ընթացքում:

Ամեն երկրում, վստահ եմ, մի նոր բան սովորում ես: Հերթական ճանապարհորդությունդ ի՞նչ տվեց քեզ:
Հերթական ճանապարհորդությունն ինձ տվեց եւս մեկ հնարավորություն գնահատելու այն ամենը, ինչը ես ունեմ: Երբ տեսնում ես ամեն բան՝ ինչպես են մարդիկ ապրում տարբեր վայրերում՝ մեզանից ամեն ինչով տարբեր՝ սկսած ջրից, վերջացրած սննդով… Թե ինչ դժվարություններ են մարդիկ հաղթահարում, օրինակ, որ ջուր ունենան, սկսում ես ավելի շատ գնահատել այն, ինչ ունես…

Կորոնավիրուսի ժամանակաշրջանում ճամփորդելն ի՞նչ դժվարություններ է առաջացնում:
Իհարկե, կորոնավիրորսից հետո ավելի կարոտած ես ճանապարհորդում, բայց խնդիրներ էլ են առաջանում... Յուրաքանչյուր երկիր մտնելուց պետք է թեստ հանձնել, եւ տարբեր երկրներում օրենքներն անընդհատ փոխվում են, իսկ երբ, հատկապես, խմբային ճանապարհորդություններ են լինում, պետք է ուշադիր ուսումնասիրել տվյալ երկրի կանոնները, ինչը բարդացնում է շատ բաներ: Առհասարակ, շատ էի կարոտել ճանապարհորդելն, ու այս տարի արդեն այնքան եմ դա արել, որ, երեւի, անցած տարվա բացը լրացրել եմ:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Վարդան Սարգսյանի Facebook-ից