Անահիտ Սիմոնյանը՝ արձակուրդի, սպասվող անակնկալի եւ բիզնեսի մասին (ֆոտո)

17:01   18 սեպտեմբերի, 2013

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ավելի քան մեկ տարի է՝ երգարվեստում լռում է: Ինչո՞ւ եւ ինչո՞վ է հիմա զբաղված Անահիտը. հարցեր, որոնք շատերին են հետաքրքրում: NEWS.am STYLE-ը որոշեց պարզել այդ:

Անահիտ, նախքան անցնելը բուն թեմային, պատմեք, թե ինչպե՞ս անցկացրեցիք Ձեր հանգիստը եւ ի՞նչ տպավորություններով եք վերադարձել:

Շատ լավ տպավորություններով եմ վերադարձել: Ես պարզապես սիրահարվեցի Պրահա քաղաքին: Այնտեղ ամեն ինչ գեղեցիկ էր: Մշակույթը, քաղաքի արտաքին տեսքը եւ, առհասարակ, մարդկանց վերաբերմունքն ինձ շատ գրավեց: Իսկ գիշերն ավելի խորհրդավոր ու գեղեցիկ էր դառնում քաղաքը: Հիանալի օրեր էին, բայց, ցավոք, մենք չկարողացանք Արմանին մեզ հետ տանել, քանի որ ծովային հանգիստ չէր եւ այնտեղ բավական ցուրտ էր:

Հայկոյի տարեդարձը նշեցիք այնտեղԻնչո՞ւ հենց Պրահայումովքե՞ր էին Ձեր հյուրերը:

Ինչպես ասում են՝ 40-ամյակը չեն նշում, այլ ընկերներն են իրենց ընկերոջ 40-ամյակը կազմակերպում: Այդպես էլ եղավ: Հայկոյի ընկերները, որպես անակնկալ, հիանալի երեկույթ էին կազմակերպել: Այնտեղ էին Պրահայում գտնվող Հայկոյի բոլոր ընկերները եւ մեր որդու քավորը՝ կնոջ հետ:

 

Իսկ Դուք ի՞նչ անակնկալ  մատուցեցիք Հայկոյին:

Այս տարի ինչ-որ արտասովոր անակնկալ չեմ մատուցել: Այն նվերը, որը գնել էի նրա համար, նվիրեցի, երբ Երեւանում էինք:

Փոքրիկ Արմանն այդ ընթացքում ձեզ հետ չէր: Ինչպե՞ս էր առանց նրա:

Շատ-շատ էինք կարոտում: Երբ Skype-ով խոսում էինք, Արմանը տխրում էր եւ լաց լինում: Զգում էինք, որ շատ է կարոտում մեզ: Եվ մինչ օրս էլ, երբ արթնանում է, ձայն է տալիս «պապա, մամա», որ տեսնի՝ մենք տանն ենք, թե գնացել ենք: Իհարկե, առանց Արմանի անսովոր էր: Կարծում եմ, որ այլեւս այսպիսի երկար դադար չի լինի:

Անցնենք թիվ մեկ թեմային, որը հետաքրքրում է գրեթե բոլորին: Ավելի քան մեկ տարի է՝ լռում եք երգարվեստում: Ինչո՞ւ եւ ի՞նչ ծրագրեր ունեք:

Այո, ցավոք, ավելի քան մեկ տարի լռում եմ: Ինքս էլ չեմ դիմանում այս լռությանը, բայց աշխատանքի բերումով ստիպված էի: Երբ Anahit Simonyan fashion studio-ն բացվեց, սկզբում Սպենդարյան փողոցում էր. մի քանի ամիս աշխատեցինք, այնուհետեւ տեղափոխվեցինք Թումանյան փողոց: Այդ տեղափոխությունը ժամանակատար էր եւ աշխատատար: Բայց նշեմ, որ ունեմ անակնկալ իմ երկրպագուների համար: Արդեն ձայնագրվում եմ մի երգ, որի խոսքերի հեղինակը ես եմ, երաժշտությանը՝ Հայկոն: Երգը սիրո մասին է, սակայն չեմ ուզում փակագծերը բացել: Իսկ ձայնագրվելուց հետո կլինի տեսահոլովակը: Ունեմ նաեւ Ռիչարդ Մադլենյանի կողմից գրված գեղեցիկ երգ , որը նույնպես շուտով կներկայացնեմ:

Երգելուց բացի, նաեւ զգեստներ եք մոդելավորումԵրկու տարբեր մասնագիտություններ: Ո՞րն է ավելի հոգեհարազատ:

Ամեն ինչ, ինչը կապված է գեղեցիկի հետ ինձ գրավում է: Երկուսն էլ հավասարաչափ հոգեհարազատ են: Երբ զբաղվում եմ միայն մոդելավորմամբ, երգարվեստը կարոտում եմ, եւ երբ զբաղվում եմ երգարվեստով, մոդելավորումն եմ կարոտում: Երկուն էլ ինձ հոգեհարազատ մասնագիտություններ են:   Այդ պատճառով էլ փորձում եմ երկուստեղ համատեղել:

Իսկ ինչպե՞ս որոշեցիք զբաղվել մոդելավորմամբ:

Միշտ իմ հագուստներ ես եմ մոդելավորել: Երկար տարիներ աշխատում էի դերձակի հետ, ում ներկայացնում էի իմ մոդելավորածը եւ նա կարում էր այն: Երեկույթներին, համերգներին միշտ ներկայացել եմ  իմ մոդելավորած զգեստներով: Իսկ երբ որոշեցի ինչ-որ բիզնեսով զբաղվել, շատ մտահաղացումներ էին ծնվում, բայց հասկացա, որ պետք է զբաղվեմ այն աշխատանքով, որը ինձ դուր է գալիս եւ հոգեհարազատ է:

Որքա՞ն ժամանակ է, ինչ Anahit Simonyan fashion studio-ն գործում է:

Մենք բացվել ենք Մարտի 1-ին: Այսինքն 7 ամիս է, ինչ գործում ենք: Բացումը չենք նշել, բայց մեկ տարին անպայման նշելու ենք:

Ո՞ր ոճն է ձեզ ավելի հոգեհարազատ:

Բոլոր ոճերն էլ սիրում եմ եւ բոլոր ոճերով էլ մոդելավորում եմ: Երբ ինձ մոտ գալիս են հագուստ պատվիրելու, ըստ իրենց բնավորությանը՝ առաջարկում եմ:  Քանի որ իմ կարծիքով մարդու բնավորությունն ու իմիջը փոխկապակցված են միմյանց հետ:

 Միայն հագուստնե՞ր եք մոդելավորում:

Ոչ, նաեւ աքսեսուարներ եմ մոդելվորում:

Ապագայում ի՞նչ ծրագրեր ունք մոդելավորման հետ կապված:

Ցանկանում եմ հավաքածու ունենալ եւ ներկայացնել այն: Բայց դրա մասին դեռ վաղ է խոսել, քանի որ ես ինձ պրոֆեսիոնալ չեմ համարում: Դեռ շատ բան ունեմ սովորելու, քանի որ ես հագուստի մոդելավորման բաժնում չեմ սովորել: Երբ զգամ, որ ես պատրաստ եմ, իհարկե, մեծ ոգեւորությամբ կներկայացնեմ:

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE