«Երրորդ բալիկից հետո ուզում եմ երեխա որդեգրել». գեղեցկուհի Իրինա Թովմասյանը՝ առօրյայի եւ ապագա ծրագրերի մասին

19:43   18 սեպտեմբերի, 2013

Գեղեցկուհի Իրինա Թովմասյանն արդեն վաղուց իր տեղն ունի թե՛ «Միսս Հայաստան» մրցույթի պատմության մեջ, թե՛ շոու-բիզնեսում: Սակայն այդ ամենից վեր է Իրինայի բարությունն եւ մայրական զգացմունքը: NEWS.am STYLE-ը գեղեցկուհու հետ զրուցեց տարբեր թեմաների շուրջ:

Կպատմե՞ք Ձեր առօրյայի մասին:

Հիմա իմ կյանքի ամենաերջանիկ շրջաններից մեկն է, քանի որ ամբողջությամբ կարողանում եմ ինձ նվիրել փոքրիկներիս: Ես միշտ աշխատել եմ, այդ պատճառով, իրոք, այս ամենը վայելում եմ:

Առավոտյան արթնանում ենք շատ վաղ: Գնում ենք զբոսնելու մի քանի ժամ, հետո վերադառնում ենք տուն, նախաճաշում: Միասին խաղում ենք, զարգանում: Հետո կրկին գնում ենք զբոսանքի: Նա մաքուր օդին քնում է, իսկ ես գիրք եմ կարդում:

Բարեգործական ակցիաների ենք մասնակցում Մեգիի հետ, իմ մանկական կայքին եմ ավելի շատ ժամանակ հատկացնում:

Երեկոյան կրկին զբոսնում ենք, մինչեւ որ Ալվինան շատ է հոգնում: Հասնում ենք տուն, լողանում ենք եւ քնում: 

Ինչ վերաբերում է Մեգիին. ես նրան հասցնում եմ տանել պարապմունքների: Ալվինայի հետ գնում ենք նրա համերգներին: Երեկոյան նրան միշտ հեքիաթ եմ պատմում:

Վերջում ես ու ամուսինս մի ֆիլմ ենք դիտում միասին եւ ես քնում եմ: 


Դուք մարքեթինգով էիք զբաղվում...

Այո, դա իմ սիրած մասնագիտությունն է: Եվ ինչքան էլ հիմա երջանիկ եմ, միեւնույն է, երբ առավոտյան տեսնում եմ, որ մարդիկ գնում են աշխատանքի, իմ մեջ նույնպես մի պահ այդ ցանկությունն է առաջանում: Այդ պատճառով այժմ կգնանք ամուսնուս հետ հանգստանալու եւ հետո ես կվերադառնամ իմ գործին:

Չե՞ք հոգնում ամբողջ օրը երեխայի հետ: Մաքրության հոգսը նո՞ւյնպես Ձեզ վրա է:

Ոչ, մի շատ լավ կին կա, ով այժմ օգնում է ինձ թե՛ տնային գործերում, թե՛ մնում է փոքրիկիս հետ իմ բացակայության ժամանակ: Շատ չեմ հոգնում:

Իսկ ամուսնու համար ժամանակ մնո՞ւմ է:

Նա ինձ շատ է օգնում: Նույնիսկ Ալվինային քնացնում էր: Մենք բաժանում էինք արել: Նա մնում էր փոքրիկի հետ մինչեւ ուշ գիշեր, քանի որ սովոր է ուշ քնել: Ես այդ ընթացքում հանգստանում էի: Հետո փոխվում էինք. նա գնում էր քնելու, իսկ ես երեխայի հետ էի մնում:

Ինչպե՞ս եք ծանոթացել:

Դա շատ երկար պատմություն է: Մենք հանդիպել ենք իմ աշխատավայրում, սակայն ես ոչ մի ուշադրություն չեմ դարձրել նրան: Իսկ նա ինձ նկատել էր, անանուն կերպով ծաղիկներ էր ուղարկում երկար ժամանակ՝ ստիպելով ինձ գուշակել, թե ո՞վ է...

Իսկ խանդո՞տ է:

Սկզբում, մի քանի ամիս էր այդպես: Բայց բավական էր մի երկու ամիս հանդիպեինք, որ հիմա թեկուզ աշխարհի ծայրը գնամ, միեւնույն է, վստահում ենք միմյանց: Խանդը կա, բայց այն վերածվել է ավելի շատ խաղի, կատակի:

Իսկ Լուսինեի ամուսնու՝ Արթուրի մասին ի՞նչ կասեք:

Երբ ես նրան ճանաչեցի, անչափ ուրախացա, որովհետեւ նման անձնավորության դժվար է հանդիպել այս կյանքում: Արթուրը դարձել է մեր ընտանիքի համար շատ հարազատ մարդ, ում կարելի է ամեն ինչ վստահել: Նա շատ բարի, զգայուն եւ անկեղծ է: Մեգին նույնպես նրան շատ է սիրում:

Ի դեպ, հիմա Մեգին ինչո՞վ է զբաղվում:

Երբ սերիալն ավարտվեց, նա ազատ ժամանակ ունեցավ, ավելի շատ սկսեց իր վոկալին ուշադրություն դարձնել, քանի որ ձայնային լավ տվյալներ ունի: Երգեր ենք ձայնագրում, համերգների ենք մասնակցում թե՛ երգով, թե՛ պարով: Նույնիսկ քույրիկի մասին մի երգ ունենք: Դե, իհարկե, դպրոց, անգլերենի պարապմունք, բակ եւ քույրիկի հետ խաղալ:

Իսկ չի՞ խանդում քրոջը:                                         

Ամենեւին: Երեւի մեծ է, գիտակցում է ամեն ինչ: Երբ իմացավ, որ քույրիկ է ունենալու, ասաց. «Մամ, ես վերջին երեք տարին, երբ առիթ եմ ունեցել երազանք պահելու, ցանկացել եմ, որ քույրիկ ունենամ: Եվ ահա երազանքս իրականացավ»:

Նույնիսկ երբ մտնում ենք խանութ, նա իր համար զգեստ չի ընտրում, իսկույն քրոջ համար է սկսում ընտրել: Մեգին իր քույրիկին կարծես իրենից էլ շատ է սիրում…

Տղա չե՞ք ուզում:

Ուզում եմ, սակայն ավելի շատ ամուսնուս համար: Նա միշտ աղջիկ է ուզել, բայց չէ՞ որ հետաքրքիր է նաեւ, թե տղան ինչպես է լինում: Ի դեպ, կան նաեւ այլ մտքեր... Ուզում եմ երեխա որդեգրել իմ 3-րդ երախայից հետո: Որեւէ հայ երեխա: Դավիթը սկզբում դեմ էր, սակայն հետո համաձայնվեց ինձ հետ:

Բայց դժվար կլինի...

Ամենեւին: Ճանաչելով ինձ՝ դժվար չի լինի:

Զրուցեց Մարինա Ադուլյանը

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE