Փնտրում եմ երազանքիս ամուսնուն. ծաղկեփունջ եւ հաղորդագրություն նրանից

23:09   19 սեպտեմբերի, 2013

Ողջո՛ւյն: Շնորհակալ եմ մխիթարական խոսքերի եւ առաջարկված տարբերակների համար: Դիմել պլաստիկ վիրաբույժի օգնության եւ կուսությունը վերականգնելու համար վիրահատվել չեմ պատրաստվում: Ինչպես նաեւ խաբել ամուսնուս: Նաեւ, հավատացեք, տեղի ունեցածից հետո անհնար է կողքիս այլ տղամարդու պատկերացնել: Միայն նրան եմ ցանկանում…

Ես սկզբում գրել էի, որ կույս չէի: Բայց այդ միայն մեկ անգամ էր պատահել, 16 տարեկանում, զբոսայգում, ձմռանը: Առաջին սեր: Ծիծաղելի է, իհարկե: Իսկ Հրանտի հետ ես առաջին անգամ ինձ ցանկալի եւ երջանիկ զգացի: Թեկուզ եւ ընդամենը մեկ ժամ:

Այն երեկոյից բավական ժամանակ է անցել: Նա մեկնեց, իսկ մեկ շաբաթ անց ինձ ծաղիկներ բերեցին: Առանց երկտողի, առանց ոչնչի: Իսկ երեկոյան աշխատանքից վերադառնալով՝ Facebook-ում հաղորդագրություն գտա. «Հուսով եմ՝ չես բարկանում: Հավատա, դու ինձ համար երբեք ցուցակում հերթական նշումը չես լինի»:

Այդ օրից կանոնավոր կերպով շփվում ենք: Որպես ընկերներ: Երբեմն ավելիի ակնարկ է լինում, բայց միայն ակնարկ:

Կատարվածի մասին կարծես մոռացել ենք: Չնայած ես հիշում եմ յուրաքանչյուր վայրկյանը: Գուցե նա պարզապես հանդիպմա՞ն է սպասում: Գիտեմ, որ մեկ շաբաթից նա մի քանի օրով գալու է հոր տարեդարձին:

Եթե իմանայիք, թե որքան եմ սպասում դրան…

Լիլիթ



© NEWS.am STYLE