«Շատ ծանր շրջան էր». Մարի Պետրոսյանը՝ նորածին որդու՝ Վազգենի անվան ընտրության, հղիության դժվար ընթացքի եւ ամուսնու օգնության մասին

14:05   9 մարտի, 2021

«Ազիզյանները» սիթքոմի Մարիին մարմնավորող Մարի Պետոսյանն ամուսնուն` Գեւորգ Անդրեասյանին երկրորդ զավակն է պարգեւել: Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է իր ընթերցողներին՝ զույգի որդին լույս աշխարհ է եկել մարտի 5-ին. ծնողները փոքրիկին Վազգեն են անվանել:

Դերասանուհու հետ մեր հերթական զրույցի ընթացքում անդրադարձել ենք նորածին որդու անվան ընտրությանը, հայրիկի հետ նրա առաջին հանդիպմանն ու հղիության ծանր շրջանին...

Մարիի երկրորդ հղիությունն անցել է կորոնավիրուսի համավարկի, այնուհետեւ՝ պատերազմի փուլով: Դերասանուհին նշում է՝ դժվար էր հաղթահարել սթրեսը, բայց այդ հարցում նրան փորձում էր օգնել ընտանիքը՝ ամուսինը եւ որդին՝Մոնթեն, որը շուտով կդառնա երկու տարեկան:

«Իսկապես, շատ ծանր շրջան էր, որից անհնար էր խուսափել ու հանգիստ ապրել, գլուխը հանգիստ դնել բարձին: Ինձ օգնում էր Մոնթես, որ գոնե մի փոքր քիչ մտածեմ ամեն ինչի մասին: Զբաղվում էի իր խնամքով եւ փորձում ցրվել»:

Անդրադառնալով որդիների հայկական անուններին՝ Մարին հավելեց.

«Մոնթեն մեր առաջին երազանքն էր, իսկ Վազգենը` երկրորդ:  Ես անունների այլ տարբերակներ էլ էի մտածում, բայց ամուսինս  առաջարկեց մեր տղային անվանել Վազգեն: Դրան նպաստեց նաեւ հենց այն փաստը, որ նա լույս աշխարհ է եկել մարտի 5-ին` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Ես էլ առանց երկար-բարակ մտածելու համաձայնվեցի ամուսնուս հետ: Մենք հայրենասեր մարդիկ ենք, այլ կերպ չէր էլ կարող լինել»:

Ամուսինն ու նորածին որդին դեռեւս «հանդիպել են» միայն տեսազանգի միջոցով, իսկ Մոնթեն սիրով է ընդունել եղբորը, Մարին վստահ է, որ եղբայրների միջեւ միշտ էլ կլինի այդ ամուր սերը:

Երիտասարդ տարիքում արդեն երկու երեխաների մայրիկը նշում է, որ մի շարք «աղջկական» սովորություններից ստիպված է եղել հրաժարվել, բայց մայրությունն, իհարկե, արժեր դա.

«Փորձում եմ ամեն ինչ հասցնել, ու, հիմնականում, ստացվում է: Միայն բարձրակրունկներից եմ հրաժարվել, հիմա դրանք հազվադեպ եմ կրում (ծիծաղում է): Ինչ վերաբերում է երեխաների խնամքին՝ ամուսինս շատ է օգնել ու օգնում Մոնթեիս հարցում: Մոնթեն իրեն շատ լավ է զգում հայրիկի գրկում: Կարծում եմ` նրա օգնությամբ հեշտ կլինի երկու փոքրիկներին մեծացնելը»:

Խոսելով տոնական մեկամսյակի ու ամուսնու մատուցած անակնկալների մասին՝ դերասանուհին շեշտեց.

«Ես ինձ, միանշանակ, երջանիկ կին եմ համարում: Ամուսինս, անկախ առիթներից, սիրում է ինձ անակնկալներ մատուցել»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE