«Դու պետք է հավատաս գարնանը». ջազ նվագախումբը Երեւանում համերգ կունենա

14:15   11 մարտի, 2021

Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա գարնանային համերգով: Մարտի 12-ին` ժամը 19։00-ին, Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում (Բաղրամյան 17) ունկնդիրը կվայելի գարնանային զարթոնքի, սիրո, գեդեցիկի, հույսի հույզերով տոգորված համերգային ծրագիր:

Գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կներկայացվեն Դյուկ Էլինգտոնի, Քուինսի Ջոնսի, Չիկ Կորեայի, Պյոտր Չայկովսկու, Ռոբերտ Ամիրխանյանի, Արմեն Հյուսնունցի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Համերգի «Դու պետք է հավատաս գարնանը» խորագիրը ոգեշնչված է ճանաչված կոմպոզիտոր Միշել Լեգրանի հայտնի երգից: Այդ երգը գրվել է 1967 թվականին Ժակ Դեմիի «Ռոշֆորի աղջիկները» ֆրանսիական ֆիլմի համար: Ի դեպ, այս մեղեդին նույնպես հնչելու է ջազ նվագախմբի համերգի ընթացքում:



© NEWS.am STYLE