Էմիլի Ռատակովսկին մայր է դարձել

09:22   12 մարտի, 2021

Ամերիկացի սուպերմոդել Էմիլի Ռատակովսկին լույս աշխարհ է բերել առաջնեկին։ Նա այդ մասին հայտնել է Instagram-յան էջում։

Նորածինը, որին անվանել են Սիլվեստր-Ապոլո (Sylvester-Apollo), լույս աշխարհ է եկել երկուշաբթի օրը՝ մարտի 8-ին։ 29-ամյա մոդելը լուսանկար է հրապարակել, որում նորածնին կերակրում է կրծքով։ «Ամեն ինչ լի էր սիրով, հիասքանչ ու հրշաք առավոտ»,- հրապարակումը մեկնաբանել է մոդելը, որը 20 րոպեի ընթացքում 876 հազար լայք է հավաքել։

Էմիլի Ռատակովսկին առաջին հղիության մասին հայտնել է 2020թ․-ի հոկտեմբերին՝ նկարահանվելով «Vogue» ամսագրի շապիկի համար։ Նա երկրպագուներին ցույց էր տվել որովայնը եւ հարցազրույցում հաստատել հղիության մասին տեղեկությունը։ Ընդ որում, Ռատակովսկին հայտարարել է, որ չի բացահայտի երեխայի սեռը։ «Մենք չենք իմանա սեռը, քանի դեռ երեխան 18 տարեկան չի դառնա, եւ այդ ժամանակ նա մեզ կհայտնի այդ մասին»,- նշել է նա՝ հավելելով, որ իրեն դուր է գալիս երեխային որքան հնարավոր է քիչ գենդերային նախապաշարմունքներ պարտադրելու գաղափարը։

Էմիլի Ռատակովսկին ամուսնացած է դերասան եւ պրոդյուսեր Սեբաստիան Բիր-Մաքքլարդի հետ, զույգն ամուսնացել է 2018թ․-ի փետրվարին մի քանի շաբաթ հարաբերություններից հետո։

Լուսանկարները՝ Instagram

 



© NEWS.am STYLE