«Իմ սիրտը բաբախում էր բոլոր հայերի համար». աշխարհահռչակ ջութակահարուհի Իզաբել Ֆաուստը հանդես կգա Ֆիլհարմոնիկի հետ

17:05   12 մարտի, 2021

Grammophone Award, Diapason d’or եւ այլ հեղինակավոր մրցույթների մրցանակակիր, անվանի ջութակահարուհի Իզաբել Ֆաուստը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Հայ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն ունի մարտի 16-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Իզաբել Ֆաուստի կատարմամբ ունկնդրելու Բեթհովենի ջութակի կոնցերտը: Համերգի երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի Թիվ 8 սիմֆոնիան, համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Ֆաուստը նվագում է յուրահատուկ հնչողություն ունեցող Ստրադիվարիուսի 1704թ.ին կերտված «Քնած գեղեցկուհի» ջութակով:

Իզաբել Ֆաուստն ամուր բարեկամական կապերով է կապված Հայաստանի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ: Սա նրա երրորդ համագործակցությունն է նվագախմբի հետ: Առաջին անգամ Ֆաուստը ելույթ է ունեցել Հայաստանում՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգին (սեպտեմբեր 11, 2013թ.)՝ կատարելով Մոցարտի Ջութակի թիվ 1 եւ 4 կոնցերտները: Երկրոդ ելույթը եղել է Ֆինլանդիայի «Տամպերե» համերգասրահում, որը սկանդինավյան երկրների ամենախոշոր համերգային կենտրոնն է: Այդ համերգով Ֆիլհարմոնիկը բացեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային մեծ շրջագայությունը (11 ապրիլ, 2015), համերգին Ֆաուստը կատարեց Շիմանովսկու Ջութակի կոնցերտը: Երկու համերգներն էլ անցել են Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Իզաբել Ֆաուստը հայերի կողքին էր նաեւ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, հարցազրույցներից մեկում նա նշել է. «Իմ սիրտը բաբախում էր բոլոր հայերի համար»:



© NEWS.am STYLE