«Կաբարե»-ի աստղ Լայզա Մինելին այսօր նշում է 75-ամյակը

20:05   12 մարտի, 2021

Լեգենդար երգչուհի եւ դերասանուհի Լայզա Մինելին այսօր՝ մարտի 12-ին, նշում է ծննդյան 75-ամյակը:

Լայզան ծնվել է 1946 թ-ին՝ հանրահայտ կինոդերասանուհի Ջուդի Գարլենդի եւ նրա երկրորդ ամուսնու՝ ռեժիսոր Վինսենթ Մինելիի ընտանիքում: Զարմանալի չէ, որ արվեստագետ ծնողների զավակը ոչ միայն չի զիջել նրանց իր տաղանդով, այլեւ փայլել է նորովի՝ արժանանալով կինոաշխարհի եւ երգարվեստի ամենահեղինակավոր մրցանակներին, այդ թվում՝ «Օսկար», «Գրեմմի», «Ոսկե Գլոբուս» եւ «Թոնի»:

Լայզա Մինելին առաջին անգամ էկրաններին հայտնվել է 3 տարեկանում՝ նկարահանվելով «Հին ու բարի ամռանը» ֆիլմի վերջին տեսարանում, որտեղ հանդես է եկել մայրիկի կողքին:

Ծնողների բաժանումից հետո Մինելին բավական ծանր մանկություն է ունեցել. մայրն անընդհատ դեպրեսիաների մեջ էր, ինչի պատճառով տառապում էր թմրանյութերի հանդեպ կախվածությունից: Լայզան ստիպված էր ինքնուրույն խնամել իր կրտսեր եղբորն ու քրոջը: Միեւնույն ժամանակ, մոր գործունեությունը մեծ հետք է թողել Լայզայի կարիերայի վրա: Վաղ տարիքից նա ելույթ էր ունենում թատրոնի բեմից, ինչպես նաեւ՝ նկարահանվում ֆիլմերում:

Նրա առաջին նշանավոր դերը եղել է «Չառլի Բաբլզ» ֆիմում Էլիզայի կերպարը: Իհարկե, անգերազանցելի է նրա հաջողությունը «Կաբարե» մյուզիքլում, որտեղ Լայզան փայլել է իր ամբողջ հմայքով: Սալի Բոուլզի դերը Մինելիին բերել է «Օսկար» արձանիկ՝ արժանացնելով նրան լավագույն դերասանուհու կոչմանը: Այս դերի համար Լայզան ստացել է նաեւ «Ոսկե Գլոբուս»:

Ինչ վերաբերում է դերասանուհու անձնական կյանքին՝ նա չորս անգամ ամուսնացած է եղել. հարաբերություններից բոլորն ավարտվել են ամուսնալուծությամբ: Լայզան մոր ճակատագիրը կրկնել է նաեւ այլ հարցերում: Երկար ժամանակ դերասանուհին բուժվել է թմրանյութերի կախվածությունից: Բուժման կուրսերից մեկը Մինելին անցել է Դեւիդ Գեսթի հետ իր ամուսնությունից առաջ, իսկ նրանց սկանդակլային բաժանումը հանգեցրել է նրան, որ դերասանուհին կրկին հայտնվել է վերականգնողական կենտրոնում:

Իհարկե, վերջին տարիներին Լայզայի երբեմնի խելահեղ գրաֆիկը պասիվացել է, սակայն դա չի ազդել դերասանուհու հավատարիմ երկրպագուների վրա, որոնք շարունակում են սատարել նրան, իսկ նրա տպավորիչ կերպարը ամենապահանջվածներից է նմանակման հայտնի շոուներում:

Աղբյուրներ՝ Allmovie.com, IMDb.com, Britannica.com, Wikipedia.org

Լուսանկարները՝ Pinterest, GEMS/REDFERND



© NEWS.am STYLE