«Ուրախությանս չափ ու սահման չկար, երբ իմացա, որ աղջիկ եմ ունենալու». մոդել Անուշիկ Մանուկյանը՝ երկրորդ հղիության մասին

12:25   13 մարտի, 2021

Փարիզաբնակ մոդել, պարուհի Անուշիկ Մանուկյանն ու ամուսինը՝ Ռոբերտ Ներկարարյանը (Ararat94), երկրորդ անգամ ծնողներ կդառնան: Մոդելն արդեն հղիության հինգերորդ ամսում է, իսկ օրերս ամուսինները պարզել են, որ դուստր են ունենալու: Երեխայի սեռի բացահայտումն արվել է հատուկ արարողությամբ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում մոդելը նշեց, որ նախքան այդ միջոցառումը ինքն ու ամուսինն, իսկապես, չէին իմանում ապագա փոքրիկի սեռը.

«Շատ երկար եմ սպասել երեխայիս սեռն իմանալու համար: Ուրախությանս չափ ու սահման չկար, երբ իմացա, որ աղջիկ եմ ունենալու: Անկեղծ՝ չէի սպասում, ինձ թվում էր, թե երկրորդ բալիկս էլ է տղա լինելու: Իհարկե, երբ առաջնեկդ տղա է լինում, ցանկությունդ մեծ է, որ երկրորդ զավակդ աղջիկ լինի, եւ հակառակը, բայց անգամ, եթե նորից որդի ունենայինք, դա էլ ուրիշ զգացողություն կլիներ»:

Մոդելի խոսքով՝ 3-ամյա որդին՝ Էվանը, եւս անհամբերությամբ է սպասում քույրիկի հետ հանդիպմանը.

«Ոչ մի խանդ չի զգում, հակառակը՝ սիրում է խոսել փորիկիս հետ (ժպտում է): Այս պահին հատուկ քայլեր չեմ անում, բայց երեխայի ծնվելուց հետո պետք է շատ զգույշ լինել, որպեսզի խանդի առիթ չտեղծվի, նույն սերն ու ուշադրությունը նա կզգա»:

Ինչ վերաբերում է դստեր անվան ընտրությանը՝ Անուշիկը նշեց.

«Դեռ չենք որոշել մեր դստեր անունը, նույնիսկ, տարբերակներ չունենք, բայց ժամանակ ունենք, կհասկանանք եւ կորոշենք՝ ինչ անուն դնել»:

Շատ մոդելներ խուսափում են մայրանալուց՝ փորձելով պահպանել կառուցվածքը: Անուշիկը որդու ծնունդից հետո էլ շարունակել է զբաղվել մոդելային գործունեությամբ ու կարծում է՝ պետք չէ վախենալ՝ կառուցվածքը վերականգնել հնարավոր է.

«Եթե անկեղծ՝ երբեւէ նման վախեր չեմ ունեցել՝ ոչ սնվելուց, ոչ մայրանալուց: Եթե անգամ կառուցվածքս փոխվի, դա խնդիր չէ՝ մի քիչ աշխատել է պետք նախկին տեսքն ունենալու համար: Անհնարին ոչինչ չկա»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Անուշիկ Մանուկյանը



© NEWS.am STYLE