Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյան. «Սերիալն իրականում քաղքենիական դրամա է, եւ դրան պետք է վերաբերվել ինչպես ժամանցի»

18:04   19 սեպտեմբերի, 2013

«Կյանքի կարուսել» նախագծից շատերին հայտնի Գ. Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնի երիտասարդ դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը պատմել է NEWS.am STYLE-ին սերիալում եւ թատրոնում իր աշխատանքի առանձնահատկություններից, ինչպես նաեւ կիսվել է մարդկային երջանկության մասին իր սեփական ընկալմամբ: 

Ծովինար, Դուք հանդես եք գալիս հայտնի «Կյանքի կարուսել» հեռուստասերիալում եւ միաժամանակ՝ Մայր թատրոնում: Դյուրի՞ն է այս երկուսը համատեղելը, եւ ի՞նչ ազդեցություն են նրանք ունենում միմյանց վրա: Օգնու՞մ են, թե՞ խանգարում:

Ես հիմա հանդես եմ գալիս միայն թատրոնում: «Կյանքի կարուսել» նախագիծը հիանալի հնարավորություն է խելացի դերասանի համար՝ ինքնահաստատվելու եւ բացահայտվելու տեսակետից: Թատրոնն իրապես ուրիշ աշխարհ է, եւ ինձ համար երբեք դժվար չի եղել համատեղել թատրոնն ու սերիալը: Դրանք տարբեր բաներ են եւ երբեք չեն կարող խանգարել միմյանց: Հակառակը, մեկը մյուսին լրացնում են լավ իմաստով:

Ինչպե՞ս եք ընդհանրապես վերաբերվում սերիալի գաղափարին: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ փորձ է այն դերասանի համար, եւ ի՞նչ նշանակություն ունի հեռուստադիտողի համար:

Ժողովուրդը, ցավոք, թատրոն այդքան շատ չի հաճախում, եւ հիմա դերասաններից շատերին ճանաչում է սերիալներից: Հանդիսատեսը գալիս է թատրոն սերիալի հերոսներին տեսնելու համար, եւ, բարեբախտաբար, բեմում հանդիպում է իրական արվեստագետին: Ես շատ եմ խոսել այդ թեմայի շուրջ: Սերիալն իրականում քաղքենիական դրամա է, եւ դրան պետք է վերաբերվել ինչպես ժամանցին: Սերիալը դերասանին անընդհատ պահում է աշխատանքային ռիթմի մեջ: Այն որեւէ հատուկ նշանակություն չպետք է ունենա հեռուստադիտողի համար, իսկ ոմանք բացասական կերպարներին անիծելով ման են գալիս…

Այսօր թատրոնում ի՞նչ դերերով եք հանդես գալիս:

Թատրոնում վերջերս հանձնեցինք Վիգեն Ստեփանյանի «Մադագասկար» հեքիաթ-ներկայացումը, որտեղ մարմնավորել եմ Ջենիկ տատի կերպարը: Ըստ իս, հրաշալի գունավոր եւ հետաքրքիր ներկայացում է: Կոչ եմ անում բոլոր փոքրիկներին գալ Սունդուկյանի անվան թատրոն եւ անպայման դիտել ներկայացումը: Կարծում եմ՝ մեծերի համար էլ հետաքրքիր կլինի, որովհետեւ կերպարներին մարմնավորում են հայտնի դերասաններ:

«Կյանքի կարուսելում» միշտ ճարպիկ, հումորով, հնարամիտ կանանց կերպարներ եք մարմնավորում: Ձեր կարծիքով, դերասանը պարտադիր պետք ի՞նքն էլ օժտված լինի բնավորության նման գծերով, թե ամեն ինչ տաղանդն է որոշում, եւ դերասանը կարող է ցանկացած բնավորության եւ խառնվածքի տեր մարդ լինել:

Ես ինքս լավատես եւ երջանիկ կին եմ ինձ համարում: Եվ շնորհակալ եմ Աստծուց, որ այդպիսին եմ: Ես շատ խնդիրներ կարող եմ լուծել հեշտ ու հանգիստ, հումորով, հավատով եւ լավատեսությամբ: Իմ կյանքը երբեք հանդարտ չի եղել: Դա իմ բնավորությունից է: Շնորհակալ եմ, որ կողքիս Նարեկի նման ընկեր, ամուսին ունեմ, որդի Անրիիս, եւ դեռ շատ լավ բաներ են լինելու հետագայում: Դերասան ես, թե ոչ՝ կարեւոր չէ: Մարդը պետք է առաջին հերթին օժտված լինի բարությամբ, սիրով եւ ազնվությամբ: Ինձ համար տաղանդավոր մարդն այդպիսին է:

Վերջերս թատրոնում հանդիսատեսների թիվը մեծացե՞լ է, թե՞ պակասել:

Մեր թատրոնը երբեք հանդիսատեսի պակաս չի զգացել, որովհետեւ մեր թատրոնում լավ եւ որակյալ ներկայացումներ կան: Դե, դերասանների մասին էլ չեմ խոսում…

Զրուցեց Լիլիթ Պետրոսյանը



© NEWS.am STYLE