Victoria's Secret-ի «հրեշտակ» Ստելա Մաքսվելի նոր ֆոտոշարքը՝ հայ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանի հետ

15:21   16 մարտի, 2021

Victoria’s Secret-ի հայտնի «հրեշտակ» Ստելա Մաքսվելը հերթական անգամ փայլել է հայ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանի ֆոտոօբյեկտիվում: Լուսանկարիչն Instagram-ի իր էջում տեղադրել է մոդելի հետ նոր աշխատանքի արդյունքը, որտեղ Մաքսվելը ներկայացել է դասական ոճում՝ առանց ավելորդությունների, սակայն հենց այդ պարզությունն էլ արժանացել է Դավիթի հետեւորդների հիացմունքին:

Դավիթ Մուշեղյանն ու Ստելա Մաքսվելը վաղուց են համագործակցում: Տարիներ առաջ լուսանկրիչն ու իր «մուսան», ինչպես Ստելային հաճախ անվանում է Դավիթը, նույնիսկ, այցելել են Հայաստան, որտեղ Ստելան ռուսական Vogue-ի համար լուսանկարվել է հայկական տարազով:

NEWS.am STYLE-ի հետ 2016 թ-ի իր հարցազրույցում Դավիթ Մուշեղյանը պատմել էր Ստելայի հետ ծանոթության եւ նրա հետ Հայաստան կատարած այցի մասին.

«Ստելան եւ ես հանդիպել ենք Փարիզում՝ տարիներ առաջ: Նրան տեսա սրճարաններից մեկում եւ մտածեցի` նա իմ տեսած ամենագեղեցիկ աղջիկն է: Սկսեցի շփվել նրա հետ, իսկ հետո մենք դարձանք շատ մոտ ընկերներ, նա դարձավ իմ մուսան: Մենք միասին շատ ենք ճանապարհորդել, այդ ընթացքում ես նրան հաճախ եմ լուսանկարել: Ստելան աննկարագրելի մոդել է, նա ինձ շատ է ոգեշնչում:

Նա իմ ընտանիքն է: Նրան մեր երկիրը շատ է դուր եկել: Ե՛ւ ես, ե՛ւ Ստելան համոզված էինք, որ շատ հետաքրքիր կլինի, եթե միասին գանք Հայաստան: Ի դեպ, նա ինձ հետ հաճախ է գալիս հայկական եկեղեցի Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում, այսպիսով` նա շատ բան գիտի մեր մշակույթի մասին: Երբ ռուսական Vogue-ի կողմից հայկական թեմատիկայով ֆոտոշարք իրականացնելու առաջարկ ստացա, անչափ ուրախացա. ես վերջապես կարող էի աշխատել իմ երկրում: Ստելան ինձ համար շատ թանկ մարդ է, ինչպես եւ ինձ համար թանկ է մեր մշակույթը: Ուրախ եմ, որ հենց նրան լուսանկարեցի հայկական միջավայրում»,-անկեղծացել էր լուսանկարիչը:

Դավիթ Մուշեղանի հետ մեր ամբողջական զրույցն՝ այստեղ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE