Քեթի Փերին եւ Օռլանդո Բլումը գաղտնի ամուսնացել են

13:43   18 մարտի, 2021

Արեւմտյան լրատվամիջոցները գրում են 36-ամյա Քեթի Փերիի եւ 44-ամյա Օռլանդո Բլումի գաղտնի հարսանիքի մասին։ Լուրերը տարածվել են, երբ լրագրողները Հավայան կղզիներում հանգստի ընթացքում արված լուսանկարներում երգչուհու մատնեմատին զարդ են նկատել, որը հարսանեկան մատանի է հիշեցնում։ Աստղային զույգն առայժմ ոչ հաստատել, ոչ հերքել է այդ նորությունը։

Քեթի Փերին եւ Օռլանդո Բլումն արդեն մի քանի շաբաթ է՝ հանգստանում են Հավայան կղզիներում։ Նրանց հետ մեկնել են նաեւ վեց ամսական դուստրը՝ Դեյզին եւ դերասանի 10-ամյա որդին՝ Ֆլինը, որը լույս աշխարհ է եկել Միրանդա Քերի հետ ամուսնության ընթացքում։ Նրանք ժամանակի մեծ մասն անցկացնում են լողափին, ինչպես նաեւ զբաղվում են յոգայով ու ռեստորաններ գնում։

Քեթին եւ Օռլանդոն միասին են արդեն մոտ չորս տարի։ Նրանց սիրավեպի մասին առաջին անգամ խոսել են 2016թ․-ին, 2017թ․-ին նրանք կարճ ժամանակով բաժանվել են, սակայն հաջորդ տարվա սկզբին վերամիավորվել են։ 2019թ․-ի փետրվարին դերասանը սիրելիին առաջարկություն է արել։ Զույգը ծրագրում էր ամուսնանալ 2020թ․-ի ամռանը, սակայն կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ստիպված է եղել անորոշ ժամկետով հետաձգել արարողությունը։ Քեթիի հղիության մասին հայտնի է դարձել կարանտինի ամենաթեժ պահերին՝ նախորդ տարվա մարտին, իսկ օգոստոսի վերջին երգչուհին լույս աշխարհ է բերել դստերը՝ Դեյզիին, որի ծնունդը կտրականապես փոխել է նրա կյանքը։

Ի դեպ, նախկինում Բլումն ամուսնացած է եղել մոդել Միրանդա Քերի հետ, իսկ Փերին ամուսնական հարաբերություններ է ունեցել բրիտանացի կատակերգու, դերասան եւ ռադիոհաղորդավար Ռասել Բրենդի հետ։

Լուսանկարները՝ Facebook



© NEWS.am STYLE