Էլեն Ասատրյանի մեծ կերուստը, Ժաննա Բուտուլյանի հետ մտերմությունն ու «Հարս չկա»-ի Լիզայի հետ ընդհանրությունը. 20 փաստ դերասանուհու մասին

14:05   18 մարտի, 2021

Դերասանուհի Էլեն Ասատրյանի կերպարը՝ Լիզան, «Հարս չկա» սիթքոմի ամենասիրելի հերոսուհիներից է, թեեւ Էլենը նշում է՝ միայն մեկ ընդհանուր բան ունի Լիզայի հետ:

NEWS.am STYLE-ի «20 փաստ հայտնիների մասին» խորագրում դերասանուհին իրեն վերաբերող այլ բացահայտումներ էլ է արել:

Էլեն, բնավորությանդ ամենատարօրինակ գիծն՝ ըստ քեզ:

Տեղի-անտեղի մարդկանց խղճալը:

Ունե՞ս մտածելակերպումդ հնաոճ գծեր. որո՞նք են դրանք:

Չէի ասի, որ ունեմ, բայց եթե հավատարիմ կին լինելը, բարոյականությունը, չվաճառվելը մեր օրերում հնաոճ մտածելակերպ են, ապա լռում եմ:

Վատ սովորություններ, որոնցից հաջողվել է ազատվել, կամ պատրաստվում ես ազատվել:

Վատ սովորությունս այն էր, որ ոչ մեկին մերժել չէի կարողանում եւ անկախ այն բանից՝ ինձ հարմար էր, թե ոչ, բոլորին փորձում էի հարմարվել: Հիմա այլ կերպ եմ ապրում:

Բաներ, որոնք չանելու համար փոշմանել ես:

Չեմ փոշմանում ոչ մի բանի համար, որովհետեւ ոչինչ չեմ կարող փոխել, իսկ ավելորդ ինֆորմացիայով գլուխս լցնել չեմ ուզում:

Քանի՞սն են այն ընկերներդ, որոնց կարող ես վստահել ցանկացած գաղտնիք:

Երկուսը կամ երեքը:

Գծեր, որոնք ընդհանուր են «Հարս չկա»-ի կերպարիդ՝ Լիզայի եւ քո միջեւ:

Լիզան բարի է, ես՝ նույնպես (ժպտում է):

Ամենասիրելի ֆիլմդ, որը կարող ես անդադար դիտել:

Հին հայկական ֆիլմերը՝ «Կտորմ մը երկինք» եւ «Մեր մանկության տանգոն»:

Ավագ կոլեգաներիցդ ումի՞ց ես ամենից շատ սովորել:

Իմ ընկերուհուց՝ Ժաննա Բուտուլյանից: Թեեւ մեր տարիքային տարբերությունը մեծ չէ, կյանքիս շատ փուլերում նա ինձ ճիշտ ուղու վրա է դրել:

Եթե կարողանայիր ստեղծել մի օրենք, որը մինչ օրս չկա, ո՞րը կլիներ դա:

Պատասխանատվության ենթարկել մարդուն, եթե դիմացինին դիտավորյալ ցավեցնում է, դավաճանում, հետո՝ հրճվում այդ ամենից:

Երբ 30 րոպե ազատ ժամանակ ես ունենում, ինչպե՞ս ես այն անցկացնում:

Եթե ազատ ժամանակ եմ ունենում, քնում եմ:

Ամենասիրելի կերպարդ քո դերերից:

Բոլոր կերպարներս սիրում եմ յուրովի:

Ի՞նչն ես ամենից շատ կարոտում քո մանկությունից:

Մայրիկիս պատկերը, երբ նա 20-25 տարեկան էր, ես հիանում էի նրանով, ու մինչ օրս այդպես է:

Մանկությանդ ամենասարսափելի հուշը:

Մանկությանս ամենասարսափելի հուշը վատ երազ էր, երբ մի գնչու կին ուզում էր ինձ սպանել, իսկ մորաքույրս չէր փրկում ինձ ու նստած նայում էր (ծիծաղում է):

Ունակություն, որը կցանկանայիր ունենալ:

Վերակենդանացնել մահացած լավ մարդկանց:

3  բան, որ կփոխեիր հայ հասարակության մեջ:

Հայի մեջ կուզեի, որ լիներ գոհանալու ունակություն, սեփական մեղքը տեսնելու եւ ուրիշի վրա չբարդելու կարողություն, սեփական կյանքով ապրելու տաղանդ, այո՝ տաղանդ…

Կյանքումդ ամենաազդեցիկ մարդը:

Ինձ համար ամենաազդեցիկ մարդը քեռիս էր, ով օրեր առաջ մահացավ ու դաջվեց իմ սրտում. Իմ կյանքն էլ առաջվանը չի լինի: Նրան բոլոր կանայք եւ աղջիկները սիրում էին, ուրիշ էր…

Ինչի՞ մասին նորություններին ես ամենից շատ հետեւում նյուզֆիդումդ:

Պատերազմական լուրերին:

Ամենածիծաղելի բամբասանքը, որը քո մասին լսել ես:

Ավելի լավ է չասեմ, նույնիսկ, ամաչում եմ (ծիծաղում է):

Ո՞ր մեկ բառով կնկարագրես քեզ:

Չեմ գտնում այդ մեկ բառը (ժպտում է):

Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:

«Ե՞րբ ես ամուսնանում»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ arm-yans, Էլեն Ասատրյանի Instagram-ից



© NEWS.am STYLE