Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգի ֆոտոշարքն ու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի տպավորությունները

10:31   19 մարտի, 2021

Երեկ՝ մարտի 18-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում բաբաջանյանական երեկո էր: Մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ տեղի ունեցավ համերգ, որը կրում էր «Հերոսական բալլադ» խորագիրը։ Երեկոյի ընթացքում Բաբաջանյանի ստեղծագործությունները հնչեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Հանդես եկան նաեւ դաշնակահար Ալեքսանդր Գինդինը‚ սոպրանո Սիրանուշ Գասպարյանը‚ բարիտոններ Իլյա Կուզմինը եւ Գեւորգ Հակոբյանը։

Համերգը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ,  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի‚ «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի եւ «Դիալոգ» հասարակական կազմակերպության հետ համատեղ։

Երեկոյին ներկա էր նաեւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը համերգից հետո լրագրողների հետ կիսվեց իր տպավորություններով:

«Համերգից մեծ բավականություն ստացանք: Առնո Բաբաջանյանն ինձ համար մեր հոգեւոր եւ մշակութային ընդհանրության խորհրդանիշն է: Ռուս ժողովրդի համար Առնո Բաբաջանյանը անփոխարինելի ժառանգություն է, որովհետեւ մենք նրան ընդունում ենք՝ որպես հարազատի, սիրելի երգահանի, որը մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն մեր երկրի երաժշտական մշակույթի, այլեւ նրա երժշտության ներքո մեծացած մարդկանց հոգեբանության վրա»,-նշեց նա ու հավելոց,-«Ես համոզված եմ, որ այսպիսի համերգները հիմա շատ կարեւոր են: Ես այս համերգը կհամեմատեի մի թարմ շնչի հետ. մարդկանց համար, ովքեր ապրում են հոգեւոր շատ ծանր միջավայրում, այն բացում է մի դուռ դեպի լույս, դեպի ջերմություն, դուռ դեպի բոլորովին այլ աշխարհ, ինչը շատ կարեւոր է: Կարծում եմ՝ այսպիսի համերգներն, ինչպիսին այսօրվանն էր, Հայաստանի համար այս դժվարին օրերին շատ կարեւոր ելք են դեպի լուսավոր, բարի, հոգեւոր իրականություն: Ըստ իս՝ այսօրինակ միջացառումները կօգնեն Հայաստանին, հայ ազգին, ու կնպաստեն լուծել պետության եւ մարդկանց առաջ ծառացած խնդիրները: Իմ կարծիքով՝ նրանք, ովքեր այսօր ներկա էին համերգին, հեռացան բարձր տրամադրությամբ, ավելի լավ, քան նախքան համերգն էր»:

Համերգի հետաքրքիր դրվագներից մի քանիսը ֆիքսել է NEWS.am STYLE-ի ֆոտոխցիկը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE