Արմի Համերին մեղադրել են բռնաբարության, գերության մեջ պահելու եւ աղջկան 4 ժամ ծեծի ենթարկելու համար

18:41   19 մարտի, 2021

Արմի Համերի դեմ լուրջ մեղադրանքներ են առաջադրվել. մի աղջիկ, որը ներկայացել է Էֆի անունով, հայտարարել է, որ դերասանը բռնաբարել է իրեն, գերության մեջ պահել եւ չորս ժամ խոշտանգել։ Այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ընթացքում իր փաստաբանի միջոցով։ Հայտնի է նաեւ, որ նրանք չորս տարի մտերիմ հարաբերություններ են ունեցել։ Variety-ն հայտնում է, որ հենց Էֆին է առաջինը հրապարակել նրա նամակագրությունները, որոնք աղմկոտ սեքս-սկանդալի առիթ են դարձել։

Հիմա արդեն Էֆին որոշել է պատմել, թե ինչ է տեղի ունեցել, երբ ինքն ու Արմին հանդիպել են 2017թ․-ի ապրիլի 24-ին։ «Արմի Համերն ինձ բռնության է ենթարկել Լոս Անջելեսում չորս ժամ։ Այդ ընթացքում նա մի քանի անգամ գլուխս պատին է խփել, կապտուկներ թողել դեմքիս, ինչպես նաեւ բռնի այլ գործողություններ կատարել, որոնց ես չեմ համաձայնել։ Ես կարծում էի, որ նա պատրաստվում է սպանել ինձ։ Ես փորձում էի փախչել, սակայն նա ինձ թույլ չէր տալիս»,- ասված է աղջկա հայտարարության մեջ։

Նա ամուսնացած դերասանի հետ ծանոթացել է 20 տարեկանում Facebook-ի միջոցով։ Նրա խոսքով՝ Համերը մշտապես ստուգել է իր հավատարմությունը։

Արմի Համերի փաստաբանները հայտարարություն են արել, որում ասվում է, որ աղջկա մեղադրանքները սուտ են, եւ դա կարելի է ապացուցել։ Փաստաբանների խոսքով՝ նրանց հանդիպումը համաձայնեցված է եղել, նախապես քննարկված ու փոխադարձ։ Բացի այդ՝ դերասանի ներկայացուցիչները հայտնել են, որ Էմին անձամբ է Համերին հաղորդագրություններ ուղարկել՝ նկարագրելով այն, ինչ ցանկանում է, որ նա անի իր հետ։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE