Երեւանում բացվեց անվանի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի աստղը (ֆոտո/վիդեո)

16:38   20 մարտի, 2021

Երեւանում այսօր՝ մարտի 20-ին, պաշտոնական արարողությամբ կայացավ գեղարվեստական եւ վավերագրական կինոյի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի աստղի բացումը: Միջոցառմանը ներկար էր անձամբ ռեժիսորը, որն իրեն բնորոշ խոսուն լռությամբ հայտնեց իր շնորհակալությունն՝ իր արվեստի գնահատման համար:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Համաշխարհային համբավ ունեցող կինոռեժիսորի աստղը բացվել է Թումանյան 31 հասցեում՝ «Արեւ» ֆիլմ ստուդիայի ղեկավար, ռեժիսոր Հրանտ Վարդանյանի նախաձեռնությամբ: Մեկնաբանելով աստղի բացման համար ընտրված վայրը՝ Հրանտ Վարդանյանը նշեց.

«Այս խաչմերուկում է տեղի ունեցել մի բան, որն Արտավազդ Փելեշյանը համարել է իր առաջին քայլը դեպի կինո. ավելին բացահայտել չեմ կարող, եթե ցանկանա, ինքը մի օր կմեկնաբանի, թե ինչու: Վարպետի հետ տարբեր սրճարաններ ենք այցելում, մի օր առաջարկեցի գալ այս խաչմերուկի վրա գտնվող իմ սիրելի սրճարանը: Եկանք, սիրահարվեց այս վայրին, եւ այդ պահից սկսած, երբ առաջարկում էի գնալ մի տեղ սրճելու, ասում էր՝ «Այո, գնանք մեր սիրած սրճարանը»: Արդեն երեք տարի է անցել այդ օրից: Երկու տարի առաջ գաղափարը ծնվեց: Ասացի՝ «Էնքան ենք եկել-գնացել էստեղ, վարպետ, որ մի օր պատին փակցնելու ենք, որ սա Արտավազդ Փելեշյանի սիրելի վայրն է»:

Ըստ Հրանտ Վարդանյանի՝ հայ մեծերի աշխատանքը նմանօրինակ միջոցառումներով գնահատելը պետք է ավելի տարածված բնույթ կրի.

«Այս մշակույթը քաղաքին սազում է, եւ բոլոր վայրերն ունեն իրենց քաղաքի լեգենդների, ստեղծագործողների արձանները… Սա քաղաքային մշակույթ է, եւ մեր քաղաքին սա մի փոքր նվեր է»:

Վարդանյանի մտահաղացմամբ՝ Արտավազդ Փելեշյանի սիրելի սրճարանի վահանակին փակցված է QR կոդ, որով անցորդները կարող են «հայտնվել» ռեժիսորի կայքէջ՝ ավելի մանրամասն ծանոթանալու նրա գործունեությանը.

«Սա, հատկապես, զբոսաշրջիկներին կհետաքրքրի, որոնք միանգամից կարող են ծանոթանալ նրա արվեստին»:

Հարցին, թե ինչպես է ինքը՝ Փելեշյանը, վերաբերվել Երեւանի կենտրոնում անվանական աստղ ունենալու մտքին՝ Հրանտ Վարդանյանը պատասանեց.

«Սկզբում նրան շատ դուր եկավ գաղափարը, բայց վերջին շրջանում հարցնում էր՝ «Ճի՞շտ ենք անում, պե՞տք է անել սա»: Վարպետն իր տրամադրությամբ այդպիսին է…»:

Արտավազդ Փելեշյանի անվանական աստղի բացման արարողությանը ներկա էին վարպետի կինը, հարազատները, արվեստի եւ մշակույթի գործիչներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE