Emporio Armani-ի senior դիզայներ Ռիմա Կազումյանը՝ իր, նորաձեւության եւ հայ տղամարդկանց մասին

22:13   20 սեպտեմբերի, 2013

Քչերին է հայտնի, որ իտալական Emporio Armani ապրանքանիշի՝ տղամարդկանց շարքի դիզայներներից մեկը հայ է: Ռիմա Կազումյանը ներկայում հայտնի ապրանքանիշի Senior դիզայներ է: Հենց նրա ստեղծած հագուստներով են Emporio Armani-ի մոդելները փայլուն համաշխարհային բեմերում:

Չնայած խիստ զբաղվածությանը, Ռիմա Կազումյանը ժամանակ գտավ պատասխանել NEWS.am STYLE-ի մի քանի հարցերին:

Ռիմա, մանկության տարիներին սիրո՞ւմ էիք Ձեր տիկնիկների համար հագուստ կարել:

Այո, իհարկե, ինչպես շատ աղջիկներ: Բայց ընտանիքիս շնորհիվ ես սկսեցի դրանով լրջորեն, պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել:

Պատմեք, խնդրեմ, ե՞րբ եւ ինչպե՞ս է սկսվել Ձեր դիզայներական կարիերան:

Ես մանկության տարիներից հասկացա, որ ցանկանում եմ դիզայներ դառնալ: 11 տարեկանում սկսեցի «Ատեքս» նորաձեւության կենտրոնում նկարչության դասերի հաճախել: Դրան հետեւեցին գրաֆիկայի, մոդելավորման, հագուստի դիզայնի կուրսերը:

Իմ առաջին դիզայներական փորձն «Առաջին քայլ» մրցույթում էր, որտեղ ես առաջին տեղը գրավեցի: Այն ժամանակ 17 տարեկան էի: Հետո մասնակցեցի «Русский Силуэт» մրցույթին եւ արժանացա Գրան Պրի մրցանակի: Դրան հետեւեցին բազմաթիվ այլ հեղինակավոր մրցույթներ եւ պարգեւներ:

Իսկ ի՞նչ բարձրագույն կրթություն ունեք:

Ես ավարտել եմ Երեւանի Գեղարվեստի ակադեմիան, հետո սովորել եմ Լոնդոնում, Saint Martins քոլեջում, այնուհետեւ՝ Ֆլորենցիայում, Accademia Arte&Moda-ում: Ընդունվել եմ նաեւ Միլանի Istituto Marangoni-ի Master Design-ի բաժին: Գերազանց ավարտելուց հետո իրավունք ստացա մասնակցել ինստիտուտի լավագույն ուսանողների ցուցադրությանը:

 

Ինչպե՞ս հայտնվեցիք Emporio Armani-ում:

Istituto Marangoni-ն ավարտելուց հետո ինձ հրավիրեցին փորձաշրջան անցնել Frankie Morello-ում, իսկ հետո արդեն՝ Emporio Armani-ում: Փորձաշրջանից հետո առաջարկեցին ապրանքանիշի գլխավոր դիզայների օգնականի պաշտոնը: Այնուհետեւ սկսեցի աշխատել որպես դիզայներ, իսկ հիմա արդեն senior designer եմ:

Ինչո՞ւ հենց տղամարդկանց շարք: Այդպես ստացվե՞ց, թե՞ Դուք ընտրեցիք ուղղությունը:

Կարծում եմ՝ տղամարդկանց նորաձեւությունում աշխատելը հիմա ավելի հետաքրքիր է: Այն ավելի ինտենսիվ է զարգանում, իսկ ստեղծագործելու, երեւակայելու հնարավորությունն ավելի շատ է:

Ե՞րբ կթողարկվի Ձեր մասնակցությամբ արված հաջորդ հավաքածուն:

Emporio Armani-ի հաջորդ ցուցադրությունը կայանալու է 2014 թվականի հունվարին, Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում:

 

Ձեր կարծիքով, կա՞ որոշակի մանրուք, որը պետք է անպայման առկա լինի հենց հայ տղամարդկանց հագուստում:

Ցավոք, հայ տղամարդիկ շատ միատոն են հագնվում: Օգտվելով առիթից՝ կցանկանայի նրանց կոչ անել ավելի շատ բաց գույների հագուստ հագնել, ուշադրություն դարձնել աքսեսուարներին, մանրուքներին: Հաճախ սխալ ընտրված աքսեսուարները փչացնում են ամբողջ արտաքին տեսքը: Կարեւոր է, որ տղամարդիկ ոչ այնքան նորաձեւ, որքան նորաոճ տեսք ունենան: Ի դեպ, այդ վերաբերում է նաեւ կանանց:

Գտնել սեփական ոճը, անհատականությունը, միաժամանակ՝ հետեւել նորաձեւության միտումներին. ահա ինչին պետք է ձգտեն մեր տղամարդիկ: Այդ դյուրին չէ, հարկավոր է իմանալ նորաձեւության ժամանակակից ուղղությունները, նորաձեւության բնագավառում որոշակի գիտելիքներ ունենալ:

Ի դեպ, հայ տղամարդկանց մասին: Ընտրյալ ունե՞ք: Եթե այո, արդյո՞ք հայ է:

Ոչ, առայժմ ես ազատ եմ:

 

Հայաստանում վաղո՞ւց եք եղել:

Որպես կանոն, Հայաստան գալիս եմ արձակուրդներին: Ես աշխատանքային խիտ գրաֆիկ ունեմ եւ, ցավոք, հաճախ չեմ կարողանում տանը լինել: Բայց շատ եմ կարոտում: Երեւանում իմ տունն է, իմ հարազատները, ընկերները:

Եվ վերջում. կա՞ ինչ-որ բան, որ կցանկանայիք ասել NEWS.am STYLE-ի ընթերցողներին:

Ես մեր բոլոր ընթերցողներին ցանկանում եմ երջանկություն, առողջություն, հաջողություն բոլոր գործերում եւ բարեկեցություն:

 

Մարինա Ադուլյան



© NEWS.am STYLE