Արքայազն Հարին աշխատանք է գտել

12:31   24 մարտի, 2021

Արքայազն Հարին աշխատանքի է անցել ամերիկյան «BetterUp» սթարթափի ղեկավարությունում։ The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ ընկերությունը զբաղվում է քոուչինգով եւ հոգեբանական խորհրդատվությամբ։

Սասեքսի դուքսը կօգնի արտադրանքի զարգացման մարտավարություն մշակել, պատասխանատու կլինի բարեգործական վճարների համար, ինչպես նաեւ հանրային ելույթներ կանցկացնի հոգեկան առողջության մասին հոգ տանելու կարեւորության վերաբերյալ։ Արքայազն Հարիին ազատել են անձնակազմին ղեկավարելու եւ ֆինանսական հաշվետվություններ կազմելու պարտականություններից։

«Ես մտադիր եմ օգնել ավելի լավը դարձնել մարդկանց կյանքը։ Պրոակտիվ քոուչինգը ներկայացնում է անսահման հնարավորություններ անձնական զարգացման, գիտակցվածության մեծացման եւ բոլոր առումներով կյանքն ավելի լավը դարձնելու համար»,- իր նշանակումն այսպես է մեկնաբանել արքայազն Հարին։

Ավելի վաղ Սասեքսի դուքսը խոստովանել է, որ վերջին տարիներին հոգեբանի մոտ է գնում՝ հաղթահարելու համար տրավման, որն ապրել է մոր՝ արքայադուստր Դիանայի մահվան պատճառով։ Նա նշել է, որ ժամանակին հոգեբանական աջակցության բացակայության պատճառով երկար տարիներ ի վիճակի չի եղել հույզեր ապրել։

2020թ․-ի ապրիլի 1-ից արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը դադարել են կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները։ Նրանք զրկվել են տիտղոսներից, տեղափոխվել ԱՄՆ, սկսել համագործակցել Netflix-ի ու Spotify-ի հետ եւ ֆինանասական անկախության հասել թագավորական ընտանիքից։ Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում արքայազն Հարին հայտարարել է, որ իրենք 2020թ․-ի առաջին կեսին լիովին զրկվել են թագավորական ընտանիքի ֆինանսական աջակցությունից։

 



© NEWS.am STYLE