Կանիբալիզմի եւ բռնության համար մեղադրվող Արմի Համերը նոր ընկերուհի ունի

13:39   24 մարտի, 2021

Դերասան Արմի Համերը նոր ընկերուհի ունի կանիբալիզմի եւ բռնաբարության մասին մեղադրանքներից հետո, հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով արտիստի ընկերներին։

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ նրա նոր ընտրյալը «լավ աղջիկ է»։ «Չեմ կարծում, թե նա հավատում է նրան, ինչ Համերի մասին գրում են լրատվամիջոցներում»,- իր պատկերացումների մասին խոսել է Համերի ընկերը։ Նրա մեկ այլ ընկեր լրագրողներին հայտնել է, որ Արմի Համերը դադարել է թմրամիջոցներ ու ալկոհոլ օգտագործել։ «Հիմա նա սթափ է ու աշխատում է իր վրա։ Հետաքրքիր է տեսնել այդ կերպարանափոխությունը․ հիմա նա շատ ավելի լավ է»,- վստահեցրել է նա։

Ծանոթներն ընդգծել են, որ առայժմ Արմի Համերը չի կարող ժամանակ անցկացնել իր երեխաների հետ։ Դերասանի փաստաբանները չեն մեկնաբանել այդ տեղեկությունները։ Ավելի վաղ նրանք պատասխանել են բռնաբարության մեղադրանքներին։

Վերջերս Էֆի անունով կինը պատմել է, թե Արմի Համերը 2017թ․-ի ապրիլի 24-ին Լոս Անջելեսում իր նկատմամբ սեռական հանցագործություն է կատարել։ Նա նշել է, որ Համերի հետ ծանոթացել է Facebook-ի միջոցով 2016թ․-ին։ Որոշ ժամանակ անց նրանք հարաբերություններ են ունեցել, եւ կնոջ խոսքով՝ դերասանն իր նկատմամբ վիրավորական ու դաժան վերաբերմունք է ցուցաբերել։

Նախքան այդ համացանցում նամակագրությունների սքրինշոթեր են հրապարակվել, որոնք Արմի Համերն, իբրեւ, վարել է անծանոթ աղջիկների հետ։ Նրանցից մեկի հետ հաղորդագրությունների ընթացքում դերասանը ակնարկել է, որ իրեն գրգռում են կանիբալիզմի թեմայով երեւակայությունները։

Լուսանկարները՝ Facebook



© NEWS.am STYLE