Չինաստանում կոչ են անում բոյկոտել H&M-ը: Ընկերությունը հրաժարվել է Սինցզյան նահանգի բամբակից

22:26   24 մարտի, 2021

Չինական Weibo պլատֆորմի օգտատերերը կոչ են արել բոյկոտել H&M-ը եւ հայտարարել են, որ բրենդը պետք է հեռանա չինական շուկայից: Նման հաղորդագրություններ են հայտնվել այն բանից հետո, երբ H&M-ը դադարել է օգտագործել Սինցզյան նահանգի բամբակը։ Այնտեղից գալիս է ավելի քան 80%-ը չինական բամբակը։ Համացանցում հայտնվել են H&M-ի հայտարարության սքրինշոթները, որում ընկերությունը նշել է, որ Չինաստանը հարյուր հազարավոր ույղուրներին եւ այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ստիպում է ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվել Սինցզյան նահանգում առկա բամբակի հսկայական տնկարաններում (պլանտացիա):

Չինական օգտատերերն այդ տեղեկատվությունն անվանում են սուտ։ Նրանց կարծիքով, H&M-ը (եւ Սինցզյանի բամբակից հրաժարված այլ ընկերություններ) հենվում են արտասահմանյան ԶԼՄ-ների կողմնակալ նյութերի վրա:

H&M-ի հետ համագործակցությունից արդեն հրաժարվել է չինացի դերասան եւ ապրանքանիշի ամբասադոր Խուան Սյուանը։ Weibo-ի իր օգտահաշվում Սյուանը գրել է, որ «դեմ է երկիրը վարկաբեկելու ցանկացած փորձին»:

Ավելին, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հերքել է հարկադիր աշխատանքի մեղադրանքները: «Մենք բազմիցս կրկնել ենք մեր դիրքորոշումը, այսպես կոչված, հարկադիր աշխատանքի վերաբերյալ, եւ ես կարող եմ կրկնել, որ Չինաստանի քաղաքացիները աշխատանքային պայմանագրեր են ստորագրում գործատուների հետ եւ վարձատրվում են աշխատանքային օրենսդրությանը համապատասխան»:



© NEWS.am STYLE