Երգչուհի Էռնա Յուզբաշյանը` Հայրենիք վերադարձի, Մեծ ֆիլհարմոնիայի բեմի եւ գալիք համերգի մասին

16:08   20 սեպտեմբերի, 2013

Հայտնի էստրադային հայ երգչուհի Էռնա Յուզբաշյանը լրագրողներին պատմել է Հայրենիք վերադառնալու հետ կապված զգացողությունները, ինչպես նաեւ սեպտեմբերի 28-ին կայանալիք իր համերգից ակնկալիքները:

Երգչուհին, ով այժմ մշտապես բնակվում է ԱՄՆ-ում, այս օրերին Երեւանում է: Այստեղ նա հանդես է գալու համերգով Music Week in Yerevan փառատոնի շրջանակում:

«Ես Հայրենիքում եմ: Էլ ինչպիսի՞ զգացողություններ պետք է ունենամ: Ես ծնվել եմ այս քաղաքում: Սա իմ քաղաքն է: Սա իմ երկիրն է, իմ քաղաքը, ես խոսում եմ իմ լեզվով, վերջ ի վերջո, ես հայ եմ: Դուք այդ չեք հասկանա: Դուք երբեք Բաքվում չեք ապրել, իսկ ես ապրել եմ… Որքան հպարտ էի ու երջանիկ, որ հայերով եմ շրջապատված»,- ասաց երգչուհին: Առաջիկա համերգը նա գնահատեց բեմում իր առաջին ելույթին համարժեք:

«Այս անգամ ծրագիրն ընտրանի է լինելու, այսինքն՝ կլինեն իմ երգացանկի գոհարները: Վերջ ի վերջո, համերգին կհնչեն Ռոբերտ Ամիրխանյանի երգերը` իմ ամենասիրելիները, որոնց առաջին կատարողը ես եմ եղել: Ի միջի այլոց, նրա երգերից մեկը ես առաջին անգամ ներկայացրեցի հայ հանդիսատեսին: Դա Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում էր, Ցվետաեւայի բանաստեղծության հիման վրա գրված Մոնոլոգն էր`«Мой милый, что тебе я сделала» իր ստեղծագործական երեկոյի ժամանակ: Դա, կարծես, վերադարձ լինի դեպի 1981 թվականը` գրեթե 34 տարի հետ»,- նշեց Էռնա Յուզբաշյանը:

Երգչուհին խոստովանեց նաեւ, որ այժմ արդեն Հայրենիք վերադառնալու ուղղությամբ համարձակ քայլեր կատարելու համար «արդեն այն տարիքում չէ»:

«Մենք մեծանում ենք, ապրում օտար երկրում, օվկիանոսից այն կողմ, եւ այսպես անցնում է կյանքն առանց քեզ, քո Երեւանում: Ես արդեն այն տարիքում չեմ, որպեսզի համարձակ քայլեր անեմ… Համարձակ քայլը պետք է կատարի այն անձնավորությունը, ով կասի ինձ. «Վե՛րջ: Դու պետք է վեր կենաս եւ վերադառնաս Հայրենիք»:

Էռնա Յուզբաշյանը ծնվել է 1958 թվականին, Երեւանում, սակայն մինչեւ 20 տարեկանն ապրել է Բաքվում, ուր տեղափոխվել էր հոր հետ: Այնուհետեւ երգչուհին նորից փոխադրվել է Երեւան: Բեմում առաջին քայլերը նա արել է 16 տարեկանում` որպես «Գայա» Պետական ջազային կվարտետի մենակատար: Ռոբերտ Ամիրխանյանի հետ համագործակցության շնորհիվ երգչուհին ելույթ է ունենում Դնեպրոպետրովսկում կազմակերպվող Սովետական երգի երիտասարդ կատարողների մրցույթում:

1982 թվականին ԽՍՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը երգչուհուն հրավիրում է Հայաստանի պետական ջազային նվագախմբում աշխատելու: 1994 թվականին երգչուհին տեղափոխվում է ԱՄՆ, բայց մինչ օրս պարբերաբար այցելում է Հայրենիք:

Տեքստը` Լիլիթ Պետրոսյանի

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE