Բելառուսը չի կարողանա մասնակցել «Եվրատեսիլ 2021»-ին

10:00   27 մարտի, 2021

Բելառուսին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին, քանի որ երկրի կողմից ներկայացված նոր երգը եւս խախտում է մրցույթի կանոնները, հայտնում է Եվրոպական հեռարձակողների միությունը։

Մարտին կազմակերպիչները Բելառուսին առաջարկել էին փոխել «Галасы 3Места» խմբի «Я научу тебя» երգը՝ դրանում քաղաքական ենթատեքստ տեսնելով։ Կոմպոզիցիայի հոլովակը հեռացրել էին «Եվրատեսիլ»-ի YouTube-յան ալիքից։ Ուրբաթ օրը բելառուսական «Белтелерадиокомпания» պետական մեդիահոլդինգը, որը կազմակերպում է մրցույթի ազգային ընտրության փուլը, հայտնել է, որ արդեն իսկ ընտրել է նոր երգ։

«Քանի որ «Белтелерадиокомпания»-ն չի կարողացել երկարացված ժամկետի ընթացքում հայտ ներկայացնել, որը թույլատրելի է մասնակցության համար, Բելառուսը չի մասնակցի մայիսին կայանալիք «Եվրատեսիլ» 65-րդ մրցույթին»,- ասված է Twitter-ում կազմակերպության հայտարարության մեջ։

Եվրոպական հեռարձակողների միությունը մանրամասն ուսումնասիրել է Բելառուսի նոր հայտը եւ եզրահանգել, որ «այն եւս խախտում է կանոնները, որոնք երաշխավորում են, որ մրցույթը չի օգտագործվում ինչ-որ մեկի շահերի համար եւ չի վարկաբեկվում»։

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»

Լուսանկարը՝ EBU



© NEWS.am STYLE