Ռեժիսոր Արտյոմ Հարությունյանը՝ իր նոր նախագծի մասին

19:08   29 մարտի, 2021

Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հարությունյանն իր մասին երկար չի սիրում խոսել, թեեւ իր նախագծերն ինքնին անում են այդ գործն իր փոխարեն: Այս պահին Արտյոմն աշխատում է նոր գեղարվեստական ֆիլմի նախագծի շուրջ, որի գաղափարը ծնվել է պանդեմիայի ժամանակ.  նրա խոսքով՝ այն կրկին նորություն է լինելու հայկական ֆիլմադրության մեջ: Ռեժիսորն առայժմ շատ մանրամասներից զերծ մնաց, բայց NEWS.am STYLE-ի հետ զրույցում բացելով որոշ փակագծեր՝ նշեց.

«Նախագիծը IT ոլորտում սովորող պատանիների մասին է: Ֆիլմը արկածային եւ ֆանտաստիկ թրիլլեր է: Նաեւ կհավելեմ, որ Հայաստանում դեռեւս նման նախագիծ չի եղել, թեպետ աշխարհում դա շատ տարածված ժանր է: Նախագծի գաղափարի հեղինակը ես եմ»,-ասաց ռեժիսորը:

Արտյոմի մասին խոսելիս կարելի է հավելել, որ նա այն մարդկանցից է, որը 2006-2007 թ-երին նոր ձեռագիր եւ որակ է բերել հայկական հեռուստաֆիլմերի արտադրության մեջ: «Ճակատագրի գերիները», «Կյանքի գինը», «Վերադարձ»,  «Եղբայրներ», «Էմիգրատները», «Խաղից դուրս», «Հատուկ բաժին», «Սահմանին», «Այրված անուրջներ»… սրանք միայն հայտնի նախագծերի կեսն են, որոնց շուրջ Արտյոմն աշխատել է՝ որպես ռեժիսոր եւ պրոդյուսեր: Նա նաեւ հեղինակել է մի շարք գովազդային հոլովակներ եւ տեսահոլովակներ: Արտյոմի հետ զրուցել ենք իր 20 տարվա մասնագիտական փորձի ու  20-ից ավելի հեղինակած նախագծերի հաջողությունների մասին եւս:

Նրա ուղին դեպի հեռուստատեսություն եւ կինոյի աշխարհ բավական դժվար եւ հետաքրքիր է եղել:

«Քայլերս սկսել եմ 2000 թ-ին՝ «Արմենիա» հեռուստաընկերությունից: Սկզբում եղել եմ օպերատոր, լրատվական ծրագրերի ոլորտում էի աշխատում: Բայց եկավ պահ, որ ինձ մոտ լճացում սկսվեց, ես դիմեցի մեր պրոդյուսերին` Վահագն Սարգսյանին, որպեսզի նա ինձ փորձի ստեղծագործական աշատանքների մեջ, եւ սկսեցի աշխատել՝ որպես վավերագրական ֆիլմերի օպերատոր: Ի դեպ, Վահագն Սարգսյանը մեծ ազդեցություն է ունեցել իմ մասնագիտական ուղու վրա: 2005-2006 թ-երից աշխատում էի մի նախագծի վրա, որի ռեժիսորը Ալիկ Քաջվորյանն էր, որը նկարահանել է Լեւոն Շանթի «Հին Աստվածները» համանուն դրամայի էկրանավորումը: Ես իր մոտ աշխատում էի որպես բեմադրող օպերատոր. մենք ընկերություն էինք անում, նա նկատեց իմ մեջ սերը դեպի ռեժիսուրան ու աշատանքից հետո ինձ ռեժիսորական հանձնարարություններ էր տալիս, որոնք հաջորդ օրը քննարկում էինք: Այդպես, երբ արդեն սկսեց ինձ վստահել՝ որպես ռեժիսորի, սկսեցի նկարել հաղորդումներ: Ես նրանից շատ բան եմ սովորել»,-վերհիշեց նա՝ շարունակելով.

«Երբ արդեն փորձ ունեի վավերագրական ֆիլմերի ժանրում,  հասկացա, որ կարող եմ զբաղվել խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայով: Այդ տարիներին նոր սկսվում էր հայկական հեռուստաֆիլմերի արտադրանքը Հայաստանում: Այնուհետեւ Վահագն Սարգսյանի կողմից առաջարկներ ստացա եւ նկարահանեցի երկու մասանոց հեռուստաֆիլմ՝ որպես ռեժիսոր եւ բեմադրող օպերատոր, որից հետո եղան «Կյանքի գինը», «Վերադարձ» նախագծերը, ու ավելի խորացա ռեժիսուրայի մեջ»:

Արտյոմի նախագծերից յուրաքանչյուրը՝ բազմասերիանոց, թե կարճամետրաժ, հաջողություն են վայելել՝ արժանանալով հեռուստադիտողի բարձր գնահատականին: Հարցին՝ ո՞րն է իր աշխատանքների պահանջված դառնալու գաղտնիքը, ռեժիսորը պատասխանեց.

«Ամբողջ գաղտնիքը, կարծում եմ, աշխատանքը սիրելու մեջ է: Իհարկե, մեծ դեր է խաղում նաեւ նկարահանող խումբը, քանի որ ցանկացած նախագիծ թիմային աշխատանք է: Ինքս շատ պահանջկոտ եմ իմ թիմի հանդեպ: Կապ չունի` 25, թե 35 մասանոց սերիալ ենք նկարահանում, պետք է բոլոր չափորոշիչները պահպանված լինեն` սկսած հագուստից, վերջացրած այլ դետալներով: Բախտս բերել է այնքանով, որ միշտ լավ սցենարիստների ու դերասանների հետ եմ աշխատել, միշտ պրոֆեսիոնալ ու վստահելի թիմ եմ ունեցել»:

Գործի հանդեպ բծախնդիր ռեժիսորը, սակայն, նշում է՝ իր համար երբեք առաջնային խնդիր չի եղել հայտնի ու պահանջված դերասանների հետ աշխատելը.

«Իրականում լավ նախագիծն է դերասաններին հայտնիություն բերում: Այսօր հանրությանն արդեն հայտնի շատ դերասաններ բացահայտվել են հենց մեր թիմի նկարահանած սերիալների շնորհիվ: Ես` ինքս, ավելի հակված եմ նոր կադրեր բացահայտելու»,-ասում է նա:

Արտյոմը նշում է՝ իր համար առաջնային կարեւոր է, որ ցանկացած աշխատանքի հիմքում՝ սերիալ, գեղարվեստական ֆիլմ, թե տեսահոլովակ, լինի պատմություն.

«Ինձ համար առաջնային է պատմությունը, կապ չունի՝ կինո է, թե տեսահոլովակ: Ինձ, սակայն, ավելի հոգեհարազատ են բազմասերիանոց ֆիլմերը. անգամ իմ նկարահանած տեսահոլովակներն ունեն սյուժե, ինչը դրանք ավելի շատ ֆիլմի է նմանեցնում: Իմ բոլոր տեսահոլովակների սցենարի հեղինակը ինքս եմ լինում ու ինձ համար կարեւոր է, որ սյուժեի հիմքում լինի պատմություն»:

Հարցին, թե որն է համարում մինչ օրս իր ամենահաջողված նախագիծը, Արտյոմը պատասխանեց, որ լինելով ինքնաքննադատ՝ անչափ խիստ է մոտենում իր աշխատանքներին ու հաճախ տեսնում թերություններ, բայց կա մի նախագիծ, որն ինքն էլ մի քանի անգամ դիտել է ու ամեն անգամ հասկացել, որ այն առանձնահատուկ է.

«Իմ կարծիքով` «Վերադարձ»-ը եղել է լավագույն նախագիծը: Նախ` այն 90-ակաների պատերազմի մասին էր, սցենարը հայրենասիրական էր ու շատ լավը, բազմաժանր էր, նկարահանումներ ունեցել ենք ոչ միայն Հայաստանում, այլեւ Փարիզում, բացի այդ` ինձ համար անչափ կարեւոր է այն փաստը, որ այդ նախագծի շրջանակում ես աշխատեցի Արմեն Ջիգարխանյանի հետ: Անկեղծ ասած` երբ YouTube-ում հանդիպում եմ այդ ֆիլմից որեւէ սերիա, կրկին հաճույքով դիտում եմ»:

Ռիսկային քայլերը եւս խորթ չեն ռեժիսորին: Տարիներ առաջ հենց այդ սկզբունքով նա փորձեց նորամուծություն մտցնել հայկական հեռուստաշուկայում՝ նկարահանելով 25 մասից բաղկացած առաջին հայկական հեռուստաֆիլմը՝ «Խաղից դուրսը»:  

«Եղել եմ այդ ֆիլմի ե´ւ ռեժիսորը, ե´ւ պրոդյուսերը: Այն նկարահանել ենք 2013 թվականին: Իրականում շատ ռիսկային քայլ էր հայկական հեռուստատեսությունում, որովհետեւ այդ ժամանակ հեռուստադիտողը սովոր չէր 25 մասանոց սերիալների: Հիմա, իհարկե, պատկերն այլ է»,-խոստովանում է նա:

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին՝ ռեժիսորը նշեց, որ այս պահին, բացի նոր ֆիլմից, աշխատում է նաեւ ինտերնետային նախագծերի շուրջ, որոնք շատ շուտով կներկայացնի հանրությանը:



© NEWS.am STYLE