Այսօր ծնվել է ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը. նա կդառնար 91 տարեկան

14:18   1 ապրիլի, 2021

Խորհրդային թատրոնի եւ կինոյի ամենաճանաչված դերասաններից մեկը, ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների եւ կինոփառատոնների դափնեկիր Խորեն Աբրահամյանն այսօր՝ ապրիլի 1-ին, կդառնար 91 տարեկան: Ի դեպ, պատմում են, որ երբ դերասանը ծնվել է, նրա հայրը ոգեւորությամբ լուրը հայտնել է հարազատներին, բայց նրան այդ օրը քչերն են հավատացել՝ կարծելով, թե դա ապրիլմեկյան կատակ էր, բայց այդ օրն, իրապես, ծնվեց նա՝ դերասան, որին վիճակված էր լինել հայկական բեմի եւ էկրանի ամենանշանավոր դեմքերից մեկը:

Խորեն Աբրահամյանը կրթությունը ստացել է թատերական իստիտուտում, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում: Այնտեղ դերասանը խաղացել է Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ, Արշակ թագավոր եւ այլն: Նույն թատրոնում նա բեմադրել է նաեւ Նաիրի Զարյանի «Հացավան», Վիլյամ Շեքսպիրի «Ջոն արքա», Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պաոլո Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» եւ այլ ստեղծագործությունների հիման վրա ներկայացումներ:

Դերասանի մասնակցությամբ շատ ֆիլմեր են դարձել սիրված, բայց հատկապես առանձնանում են «Առաջին սիրո երգը», «Մենք ենք մեր սարերը», «Սարոյան եղբայրները» ֆիլմերը, որոնք մեծ ճանաչում են վայելում տարբեր տարիքի կինոսերների շրջանում:

Ֆիլմասերներին եւ կինոյի ոլորտի մասնագետներին գրավում է ոչ միայն Խորեն Աբրահամյանի պրոֆեսիոնալ ու համոզիչ խաղը, այլեւ նրա ձայնային տեմբրը: Ռուս հայտնի դերասան Ինոկենտիյ Սմոկտունովսկին, որը հայտնի է «Համլետ» ֆիլմում գլխավոր դերակատարմամբ, լսելով իր հերոսի հայկական հնչունավորումը Աբրահամյանի կատարմամբ, մի առիթով խոստովանել է՝ «Նա ինձանից լավ է խաղում»:

Խորեն Աբրահամյանը մահացել է 2004 թ-ի դեկտեմբերի 10-ին, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

Աբրահամյանի մասնակցությամբ հայտնի են նաեւ «Արարատյան դաշտի աղջիկը», «Փեսատես», «Հասցեատիրոջ որոնումները», «Լուսաբացից առաջ», «Փլուզում», «Փառքի օղակներ», «Դժվար անցում» եւ այլ ֆիլմեր:

Աղբյուրը՝ Encyclopedia.am, Golosarmenii.am

Լուսանկարները՝ Խորեն Աբրահամյան ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE