«Բարդույթներից վաղուց եմ ազատվել, աշխատել ու շտկել եմ դրանք». 20 փաստ Սյուզի Մելիքյանի մասին

15:05   3 ապրիլի, 2021

Երգչուհի Սյուզի Մելիքյանը հանրությանը հայտնի է իր համարձակ կերպարով, բայց անձնականին վերաբերող թեմաների հանդեպ երգչուհին ոչ այնքան բաց է: NEWS.am STYLE-ի «20 փաստ հայտնիների մասին» խորագրում, այնուամենայնիվ, փորձել ենք որոշ բացահայտումներ անել Սյուզիի եւ նրա նախասիրությունների մասին:

Սյուզի, առավոտդ սկսվում է...

Զարթուցիչով, որովհետեւ ինքնուրույն դժվար եմ արթնանում, հետո ցնցուղ եմ ընդունում, մի քիչ հեռախոսով եմ զբաղվում ու տնից դուրս եմ գալիս:

Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:

Աշխատում եմ առողջ սնունդ օգտագործել. երկար ժամանակ է` գազավորված ըմպելիքներից հրաժարվել եմ: Օրս չեմ պատկերացնում առանց ջրի:

Կերակուր, որը տանել չես կարողանում:

Երեւի` մսային որոշ ուտեստներ, որոնք ընդհանրապես չեմ ուտում:

Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում ու ինչի՞ց բարդութավորվում:

Բարդույթներից վաղուց եմ ազատվել, աշխատել ու շտկել եմ դրանք: Առհասարակ, ես սիրում եմ խնամված արտաքին ու կարծում` աղջիկը միշտ պետք է իր վրա աշխատի, որպեսզի ե´ւ բարդույթներից ազատվի, ե´ւ իրեն զգա մշտապես խնամված ու անթերի:

Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Պայուսակ, ավտոմեքենայի բանալիներ ու հեռախոս:

Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:

Սպիտակը, կարմիրը եւ բաց երկնագույնը:

Հայաստանում ամենասիրելի վայրդ:

Այնտեղ, որտեղ կա գեղեցիկ բնություն` Դիլիջան, Ծաղկաձոր եւ այլն:

Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել:

Չեմ ուզում կոնկրետ օրինակ բերել, բայց հաճախ շատ եմ նյարդայնանում երթեւեկության իրականությունից:

Քո ականջակալներում հաճախ հնչում է...

Աուդիո գրքեր եւ հանգիստ երաժշտություն:

Բնավորությանդ ամենատարօրինակ գիծն՝ ըստ քեզ:

Անկեղծ ասած` տարօրինակ գծեր, կարծում եմ, չունեմ (ծիծաղում է):

Վատ սովորություններ, որոնցից հաջողվել է ազատվել, կամ պատրաստվում ես ազատվել:

Տարիներ առաջ, երեւի, ավելի շատ ունեի վատ սովորություններ, հիմա շատ խորացված աշխատում եմ դրանցից ազատվելու վրա: Կարծում եմ` մարդն անընդհատ պետք է իր վրա աշխատի. այս պահին չեմ կարող ասել, թե որ սովորույթից եմ փորձում ազատվել, բայց անպայման դա անելու եմ (ծիծաղում է):

Բաներ, որոնք չանելու համար փոշմանել ես:

Աշխատում եմ չփոշմանել իմ կատարած քայլերի համար, ու ցանկացած քայլ խորապես վերլուծում եմ կատարելուց առաջ, չեմ սիրում պահի տակ, էմոցիաներին տրվելով բաներ անել: Իհարկե, կան բաներ, որոնք կցանկանայի այլ կերպ անել, բայց դրանց նայում եմ` որպես դաս:

Մասնագիտություն, որի մեջ կցանկանայիր քեզ փորձել:

Չեմ սիրում ամեն ինչ փորձել: Ընդհանրապես, կողմնակից եմ, որ մարդ ընտրի մեկ ուղղություն ու դրա մեջ միայն խորանա: Կարող ես ունենալ մեկ կամ երկու մասնագիտություն, բայց ավելին ունենալ, կարծում եմ, ճիշտ չէ: Ինչպես գիտեք` դիմահարդարմամբ էլ եմ զբաղվում, բայց այս պահին ինձ նկարչությունն է շատ հետաքրքրում, բայց դա դիտարկում եմ` որպես հոբբի:

Ամենասիրելի ֆիլմդ…

Մտքիս չի գալիս կոնկրետ ֆիլմ, բայց այս պահին նայում եմ The Crown սերիալը, որը շատ հետաքրիր է նկարահանած: Ընդհանուր առմամբ` վերջին շրջանում շատ եմ ֆիլմեր դիտում:

Ավագ կոլեգաներիցդ ումի՞ց ես ամենից շատ սովորել:

Ոչ մեկին չեմ առանձնացնի, բայց ինձ համար շատ մեծ դպրոց է եղել «Դո-Ռե-Մի»-ն, Երգի պետական թատրոնում ուսանելուս տարիներին էլ երգեցողությանս մեջ մեծ ազդեցություն ունեցավ Արթուր Գրիգորյանը, անհատական պարապել եմ նաեւ Արմեն Գեւորգյանի մոտ: Շատ գնահատում եմ այն դպրոցը, որն անցել եմ ու շնորհակալ եմ յուրաքանչյուրին իրենց ներդրման համար:

Երբ 30 րոպե ազատ ժամանակ ես ունենում, ինչպե՞ս ես այն անցկացնում:

Սիրում եմ կարդալ, զբոսնել եւ ընկերներիս հետ սրճել:

Ամենասիրելի երգդ քո երգացանկից:

Քանի որ իմ բոլոր երգերի շուրջ շատ երկար եմ աշխատում, բոլորն էլ ինձ համար շատ սիրելի են, բայց եթե պետք է միայն մեկը նշեմ, կառանձնացնեմ «Ինձ գրկիր» երգը. պատճառը չեմ նշի, բայց այն ինձ համար բոլորովին այլ հոգեվիճակ է:

Սուպեր ունակություն, որը կցանկանայիր ունենալ:

Շատ կցանկանայի թռչել եւ վերեւից դիտել այն, ինչ կուզեի տեսնել (ծիծաղում է):

Ինչի՞ մասին նորություններին ես ամենից շատ հետեւում նյուզֆիդումդ:

Փորձում եմ տարբեր ոլորտներից տեղեկանալ, բայց ժամանակս չի ներում, որ անընդհատ նորությունների հետեւեմ:

Ո՞ր մեկ բառով կնկարագրես քեզ

Մտերիմներս, կարծում եմ, ավելի լավ կնկարագրեն ինձ, բայց եթե մեկ բառ պետք է նշեմ, կասեմ` բարի (ժպտում է):

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սյուզի Մելիքյանի Facebook-ից 



© NEWS.am STYLE