«Թագը», «Մանդալորցին», «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» դարձել են ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի դափնեկիրներ

13:11   5 ապրիլի, 2021

ԱՄՆ կինոդերասանների գիլդիան 2020-ի արդյունքներով հանձնել է իր մրցանակները՝ Screen Actors Guild (SAG) Awards։ Գլխավոր մրցանակը՝ լավագույն դերասանական կազմ, ստացել է Ահարոն Սորկինի «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» դրաման։ Գիլդիայի 27-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ապրիլի 4-ին, այն այս տարի տեղի էր ունենում առցանց ձեւաչափով։ Դափնեկիրների անունները հրապարակվել են Գիլդիայի կայքում։

շԿանացի եւ տղամարդու լավագույն դերակատարման համար մրցանակներ ստացել են «Մա Ռեյնի․ բլյուզի մայրը» կենսագրական ֆիլմի դերասաններ Վիոլա Դեւիսը եւ Չեդվիկ Բոուզմանը (հետմահու)։ Երկրորդ պլանի լավագույն դերի համար մրցանակ են ստացել Դենիել Քալույան («Հուդան եւ սեւ մեսիան») եւ Յուն Ե Ջոնը («Մինարի»)։

Քեթրին Օ՛Հարան, որը խաղացել է կանադական «Շիթս Կրիկ» հեռուստատեսային սիթքոմում, մրցանակ է ստացել կամակերգական սերիալում կանացի լավագույն դերակատարման համար։ Դրամատիկական սերիալում դերակատարման համար հաղթող են ճանաչվել Ջիլիան Անդերսոնը («Թագը») եւ Ջեյսոն Բեյթմանը («Օզարկ»)։

Սերիալում տղամարդու լավագույն դերի համար հաղթող է դարձել Ջեյսոն Սուդեյքիսը («Թեդ Լասո»)։ Անյա Թեյլոր-Ջոյը դարձել է հեռուստաֆիլմում կամ մինի սերիայում լավագույն դերասանուհի («Թագուհու քայլը»), Մարկ Ռուֆալոն՝ լավագույն դերասան («Ես գիտեմ, որ դա ճիշտ է»)։

ԱՄՆ կինոդերասանների գիլդիան, որը ստեղծվել է 1933թ․-ին, ներկայացնում է կինոյի, հեռուստատեսության գործիչների եւ ոլորտի այլ աշխատակիցների շահերը։ Գիլդիայի մրցանակաբաշխությունը հիմնել են 1995թ․-ին։ Այդ տարի հավակնորդների ընտրության քվեարկությանը մասնակցում էր կազմակերպության ավելի քան 129 հազար անդամ։

Աղբյուրը՝ Esquire

Լուսանկարը՝ Netflix



© NEWS.am STYLE