Քննչական կոմիտեն ստուգում է «Եվրատեսիլ 2021»-ին Ռուսաստանի ներկայացուցիչ Մանիժայի «Russian Woman» երգը

17:39   6 ապրիլի, 2021

Քննչական կոմիտեի աշխատակիցները սկսել են ստուգել երգչուհի Մանիժայի «Russian Woman» երգը՝ պարզելու համար արդյոք առկա են «ատելության կամ թշնամանքի հրահրման նշաններ»։ Մանիժան այդ երգով Ռուսաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին։  

Ստուգումը սկսվել է, երբ «Ветеранские вести» պարբերականը դիմել է Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին՝ խնդրելով քրեական գործ հարուցել Մանիժայի վերաբերյալ էքստրեմիզմի պատճառով եւ դադարեցնել նրա ելույթի տարածումը։ Պարբերականը նշում է, որ «Եվրատեսիլ» համար Մանիժայի բեմական համարը միտված է «ազգային պատկանելության հիմքով ռուս կանանց արժանապատվությունը կոպտորեն վիրավորելուն ու նվաստացնելուն»։

Մանիժայի ծագումը (երգչուհին ծնվել է Տաջիկստանում, սակայն մանուկ հասակից ապրում է Մոսկվայում) եւ ֆեմինիստական երգը քննադատության ալիք են բարձրացրել։

Նախորդ շաբաթ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտնիա Մատվիենկոն հայտարարել է, որ Մանիժայի երգն «ինչ-որ զառանցանք է»։ Նա պահանջել էր պարզել, թե ինչպես է երգչուհին կարողացել հաղթել ընտրական մրցույթում։ «Առաջին ալիքը» հայտնել է, որ կարող է ներկայացնել հեռուստադիտողի քվեարկության արդյունքները, ինչի միջոցով էլ ընտրվել է երգը։

«Եվրատեսիլ» երաժշտական մրցութն այս տարի անց կկացվի Ռոտերդամում մայիսի 18-ից ապրիլի 22-ը։ Հանդիսատեսի քվեարկության արդյունքում Մանիժան առաջ է անցել «#2Маши» դուետից, որը հանդես էր գալիս «Bitter Words» երգով, ինչպես նաեւ Անտոն Բելյաեւից եւ «Therr Maitz» խմբից, որը ներկայացրել էր «Future Is Bright» ստեղծագործությունը։



© NEWS.am STYLE