Դեկոլտեի հատվածի հիմնական խնամք․ մաքրում եւ խոնավեցում

19:38   10 ապրիլի, 2021

Պարանոցն ու դեկոլտեի հատվածը պետք է կանոնավոր խոնավեցնել ու սնուցել: Դեկոլտեի հատվածն ավելի շատ է ենթարկվում շրջակա միջավայրի բացասական ազդեցությանը, ինչի հետեւանքով արագ ծերանում է, այնտեղ ավելի հաճախ են ալերգիա ու գրգռվածություն առաջանում: Այս հատվածում մաշկն ավելի չորանալու եւ թեփոտելու, բծերի եւ բշտիկների առաջացման հակվածություն ունի: Այդ պատճառով այս հատվածը պետք է լավ խնամել: Որպեսզի մաշկը գեղեցիկ ու խնամված լինի, պետք է միշտ խոնավացնել ու սնուցել այն:

Տարվա տաք եղանակին պարանոցն ու դեկոլտեի հատվածը պետք է պաշտպանել արեւից պաշտպանող կրեմներով: Դրանք պետք է առավոտյան քսել, նախքան տանից դուրս գալը եւ մի քանի ժամը մեկ անգամ թարմացնել:

Ամեն օր պետք է մաշկը մաքրել տաք ջրով եւ լոգանքի համար նախատեսված փափուկ գելով կամ օճառով, որի բաղադրության մեջ պետք է բուսական յուղեր լինեն: Եթե այդ հատվածում ձեր մաշկն ավելի զգայուն է, այն մաքրեք բուսական տոնիկներով կամ լոսյոններով:

Ոչ մի դեպքում չի կարելի դեկոլտեի նուրբ հատվածը տրորել խոզանակով կամ կոշտ սպունգով: Այդ հատվածի խնամքի համար բնական սպունգ օգտագործեք:

Պարանոցի եւ դեկոլտեի հատվածի համար կոնտրաստային լվացում արեք. մաշկը հերթով ցողեք տաք, ապա սառը ջրով: Վերջում մաշկը զգուշորեն չորացրեք անձեռոցիկով կամ փափուկ սրբիչով եւ սնուցող կրեմ կամ մարմնի յուղ քսեք:

Որպեսզի պարանոցի ու դեկոլտեի հատվածի մաշկը նուրբ եւ հարթ լինի, թեփից ազատող կանոնավոր գործողություններ կատարեք: Դրա համար կարելի է աղով, շաքարավազով կամ պոլիէթիլենային հատիկներով խորը պիլինգ անել:

Լավ արդյունք է ապահովում նաեւ թարմ աղացած սուրճով պատրաստված տնային սքրաբը, որի պատրաստման համար անհրաժեշտ է սուրճի մրուր, լոգանքի գել կամ թթվասեր: Խառնուրդը պետք է քսել մերսող շարժումներով, այնուհետեւ զգուշորեն լվանալ մաշկը:



© NEWS.am STYLE