Հայտնի են «BAFTA» կինոմրցանակի առաջին հաղթողների անունները

13:36   11 ապրիլի, 2021

Ամերիկացի ռեժիսոր Ջորջ Վուլֆի «Մա Ռեյնի. բլյուզի մայրը» ֆիլմը Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) կինոմրցանակաբաշխության դափնեկիրների անունների հայտարարաման առաջին օրը երկու մրցանակի է արժանացել։ Կենսագրական ժապավենը, որը պատմում է ամերիկացի երգչուհի Մա Ռեյնիի (1886-1939) ճակատագրի մասին, մրցանակ է ստացել կոստյումների լավագույն դիզայնի, ինչպես նաեւ լավագույն գրիմի ու սանրվածքների համար։

Դեւիդ Ֆինչերի «Մանկ» սեւ-սպիտակ ժապավենը մրցանակ է ստացել գեղարվեստական դիզայնի համար, Սառա Գավրոնի բրիտանական «Ռոքս» ֆիլմը՝ լավագույն քասթինգի համար։ Դարիուս Մարդերի «Մետաղի ձայնը» երաժշտական դրաման մրցանակ է ստացել լավագույն ձայնի, իսկ Քրիստոֆեր Նոլանի «Փաստարկ» ֆանտաստիկ մարտաֆիլմը հաղթող է դարձել հատուկ վիզուալ էֆեկտների համար։

Հայտարարվել են նաեւ լավագույն բրիտանական կարճամետրաժ ֆիլմը («Նվեր») եւ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ «Բուն եւ կատուն»։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցանակաբաշխության 74-րդ արարողությունը երկու օր է անցկացվում առցանց ձեւաչափով։ Վերջին պահին մասնակցությունից հրաժարվել է ակադեմիայի նախագահ արքայազն Ուիլյամը։ Պատճառը նրա պապիկի՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի մահն է։ Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը կյանքից հեռացել է ապրիլի 9-ին 99 տարեկանում։

Աղբյուրը՝ ՏԱՍՍ

Լուսանկարները՝ Getty Images, David Lee/Netflix



© NEWS.am STYLE