«Հարսանեկան զգեստ կրելիս ոչ մի առանձնահատուկ զգացողություն չեմ ունենում». Դայանա Դավթյանը՝ նոր ֆոտոշարքի, դրա առաջացրած շփոթմունքի եւ անձնականի մասին

16:24   13 ապրիլի, 2021

«Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանն օրերս նոր ֆոտոշարք է տեղադրել, որում ներկայացել է դիզայներ Նինա Սարկիսյանցի սպիտակ զգեստներով: Մոդելի կերպարը հիշեցնում է եթերային հարսնացուի, ինչը, բնականաբար, շփոթմունք եւ քննարկումներ է առաջացրել նրա հետեւորդների շրջանում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Դայանան նշեց, որ ֆոտոշարքն իրականացնելիս չի մտածել, որ սպիտակ զգեստը կնկալվի՝ որպես հարսանեկան.

«Սկզբում, երբ Նինա Սարկիսյանցի սրահում ընտրում էի զգեստներ, լուսանկարվել եւ տեղադրել էի Story տարբերակով: Դա շատ մեծ արձագանք ունեցավ, շատերն, իրոք, այդպես էլ մտածել էին, չնայած նրան, որ ես նշել էի, որ նկարահանում է սպասվում: Ֆոտոշարքի իմաստը տիտղոսն էր:  Գեղեցկության մրցույթներում շատ հաճախ է ճերմակ զգեստը համադրվում թագով եւ ժապավենով: Միշտ հիացել եմ Նինա Սարկիսյանցի ստեղծած զգեստներով, իրենց յուրահատկությամբ, եւ սպիտակ գույնը համարում եմ իմ գույնը, քանի որ բնավորությամբ հանգիստ եմ: Հենց այդ պատճառով եմ ընտրել ճերմակ զգեստ: Ինչպես նկատեցիք նկարների ֆոնը նույնպես սպիտակ է: Պատահական չէ, որ լուսանկարիչ Աշոտ Փարսյանի հետ ընտրել ենք սպիտակ ֆոն. ուզում էինք ստանալ ֆոնի և զգեստի միաձուլում: Ի դեպ, Փարսյանի համար լուսանկարչությունը լոկ հոբբի է, սակայն նա ունի շատ բարձր ճաշակ, ինչը շատ գնահատելի է»:

Մոդելը, որը հաճախ է լուսանկարվում հարսանեկան զգեստներով, նշում է, որ հարսի զգեստն իրեն առանձնահատուկ զգացողություն չի տալիս.

«Առհասարակ անչափ շատ եմ սիրում երկար, ծավալուն զգեստներ, եւ կապ չունի՝ հարսանեկան, թե, ուղղակի, երեկոյան: Հարսանեկան զգեստ կրելիս ոչ մի առանձնահատուկ զգացողություն չեմ ունենում, քանի որ նպատակն ուղղակի նկարահանումներն են, կամ՝ ցուցադրությունը»:

Դայանան նաեւ հավելեց, որ անձնական կյանքում դեռեւս փոփոխություններ չկան, իսկ հարցին, թե ինչպիսին է պատկերացնում իր ապագա կողակցին, պատասխանեց.

«Ես չեմ սիրում մատնանշել կոնկրետ հատկանիշներ՝ ոչ արտաքին, ոչ՝ ներքին: Ինձ համար ամենակարեւորը սերն է եւ հավատարմությունը»:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք գեղեցկությունն օգնո՞ւմ է, թե՞ խանգարում անձնական հարցերում.

«Որոշ բաներում, միգուցե, օգնում է, սակայն, միանշանակ, ավելի շատ խանգարում է»,-նշեց մոդելը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE