Նարինե Սարգսյան՝ ամենակարեւոր միջոցառումների եւ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերի գեղեցիկ տեսահոլովակների ինքնատիպ ձեւավորումների «մեղավորը»

21:05   13 ապրիլի, 2021

«Գեղեցկություն արարող դիզայներ»՝ այսպես կարելի է բնութագրել ոճաբան, դիզայներական արտակարգ ունակությունների տեր մարդ՝ Նարինե Սարգսյանին, որն իր հմուտ ու յուրահատուկ ձեւավորումներով անմոռանալի է դարձնում ցանկացած միջոցառում՝ ծննդյան, հարսանեկան, կորպորատիվ երեկոներ... եւ սա դեռ ամենը չէ. Նարինեին են վստահում իրենց տեսահոլովակների ձեւավորումները հայկական եւ արտասահմանյան շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչները, նրանց թվում՝ Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը, Արա Մարտիրոսյանը, Ավրաամ Ռուսոն, Սոգդիանան եւ այլք: Զարմանալի չէ, որ Նարինեն ներառվել է տվյալ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող DWP Congress-ի՝ բարձր որակավորում եւ միջազգային ճանաչում ունեցող փորձագետների ցանկում:

Նարինե Սարգսյանը ոլորտում է արդեն ավելի, քան տասը տարի: Նա հանդիսանում է «Նարինե Սարգսյան վեդինգ դիզայն ստուդիա»-ի հիմնադիր տնօրենը, որը, որպես գրանցված բիզնես, կազմավորվել է տարիներ առաջ, բայց միայն 2017թ-ին է նաեւ պաշտոնապես գրանցվել Հայաստանում՝ որպես առեւտրային ապրանքանիշ:

Դիզայնով եւ ոճաբանությամբ Նարինեն հետաքրքրված է եղել դեռեւս մանկուց, սակայն ավագ եղբոր խորհրդով մասնագիտացել է՝ որպես իրավաբան: Այնուամենայնիվ, դիզայնի ու ձեւավորումների հանդեպ սերը հաղթել է, եւ Նարինեն իր հետագա գործունեությունը ծավալել է հենց այդ՝ իրեն ավելի հոգեհարազատ ոլորտում: Մի առիթով դիզայները նշել է, որ ամեն ինչ սկսվել է այն օրվանից, երբ ինքն է զբաղվել փոքր եղբոր հարսանիքի դիզայնով՝ օգնելով ձեւավորողներին.  հենց այդ ժամանակ էլ Նարինեն հասկացել է, որ դա է իրենը, եւ ավելի լուրջ ու պրոֆեսիոնալ մակարդակով պետք է զբաղվի այդ աշխատանքով:

Այսօր Նարինեին իրենց ուրախ առիթներն ու կարեւոր միջոցառումները վստահում են ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ դրսում ապրող մեր հայրենակիցները՝ հիմնվելով դիզայների բարձրակարգ եւ մանրակրկիտ աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի եւ բարձր ճաշակի վրա: Նարինեն ունի հաճախորդներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախսատանից, ինչպես նաեւ՝ Քաթարից, Քուվեյթից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ավստրալիայից եւ Կանադայից, ովքեր նշում են իրենց հարսանիքները կամ այլ միջոցառումներն այստեղ՝ Հայաստանում: Այնպես որ, զարմանալի չէ, որ Նարինեն, որպես արտասովոր ունակություններով օժտված դիզայներ, մեծ համբավ ու ճանաչում է վայելում ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս:

Որպես ընտանեկան բիզնեսի սեփականատեր՝ Նարինե Սարգսյանը տարիներ շարունակ պատասխանատու է եղել ընկերության ընդհանուր տեսլականի եւ ռազմավարության, ինչպես նաեւ՝ առօրյա գործունեության համար: Նարինեի աշխատանքային գործունեությունը ներառում է հարսանյաց սրահների եւ նմանատիպ վայրերի, ֆոտոգոտիների, եկեղեցիներում հարսանեկան արարողությունների, ինչպես նաեւ՝ ծննդյան տոների, մկրտության եւ նմանատիպ միջոցառումների նախագծման եւ ձեւավորման ամբողջական փաթեթներ: Նարինեն նաեւ զբաղվում է Հայաստանում հայտնի հյուրանոցների, ռեստորանների եւ մանրածախ ցանցերի արտաքին եւ ներքին նախատոնական հարդարանքների իրականացմամբ:

Աշխատակիցների եւ գործընկերների շրջանում Նարինեն սիրում է հաճախ կրկնել իր իսկ նշանաբանը`  «Մենք` ոճաբաններս, ենթակա չենք իր հունով հոսող ժամանակին, բայց ենթակա ենք արագ փոփոխվող գեղեցկության, նորաձեւության եւ հարմոնիայի աշխարհին»:  Եվ պատահական չէ, որ Միացյալ Արաբական Էմիրություններում հիմնադրված եւ աշխարհով մեկ մեծ ճանաչում վայելող Destination Wedding Planners (DWP) կոնգրեսի ուշադրությունից ու գնահատականից զատ՝ Նարինե Սարգսյանը նոմինացվել է նաեւ մի շարք այլ ազգային մրցանակների եւ  դիպլոմների, այդ թվում՝ Հայուհի 2016 «Մասայական, բարձրաճաշակ, որակյալ միջոցառումների եւ հանդիսությունների կազմակերպիչ» եւ Հայուհի 2018 – «Ոճ և ճաշակ թելադրող դիզիայներ» անվանակարգերում:

Չնայած ծանր եւ, գրեթե, միշտ գերլարված աշխատանքային ժամանակացույցին ՝ իր հաջողության գաղտնիքի ու գրավականի մասին խոսելով՝ Նարինեն հարցազրույցներից մեկում նշել է՝ «Հաճախ նկատել եմ, որ մի հաճախորդի հետ քննարկման ընթացքում ուղեղումս ծագում է մյուս հաճախորդի դիզայնի այս կամ այն մասը կամ լուծումը, եւ հուսահատության փոխարեն իմ մեջ արթնանում է ոգեւորության մի նոր ալիք: Ինձ մոտիկից ճանաչողները հաճախ են ասում՝ քո փոխարեն չէինք դիմանա, բայց ես դիմանում եմ, քանի որ սիրով եւ հաճույքով եմ կատարում այն, ինչը դարձել է իմ կյանքի ամենասիրելի բաղադրիչներից մեկը»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE