ELITE MODEL LOOK ARMENIA 2013 երկրորդ միջազգային մրցույթը կկայանա Երեւանում սեպտեմբերի 24-ին

15:44   23 սեպտեմբերի, 2013

ELITE MODEL LOOK 2013 հայտնի միջազգային մոդելային մրցույթի հայաստանյան ընտրական փուլը կկազմակերպվի Երեւանում սեպտեմբերի 24-ին` “Imperial Palace Hotel”-ում Կորյունի 23 հասցեով: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 23-ի ասուլիսին հայտնել է ELITE MODEL LOOK ARMENIA պաշտոնական ներկայացուցիչ եւ IC MODEL MANAGEMENT ընկերության սեփականատեր Իյա Կիցմարիշվիլին:

«Վաղը` հենց այս հյուրանոցում կկազմակեպվի բաց ընտրական փուլը, որին մասնակցելու նպատակով մենք հրավիրում ենք 14-22 տարեկան աղջիկներին: Ես կրկնում եմ, որ մրցույթը բաց է, իսկ այդ նշանակում է, որ ցանկացած աղջիկ, ով ցանկանում է իր ուժերը փորձել այս մրցույթում, կարող է գալ, գրանցվել եւ մասնակցել», - նշել է հայաստանյան մրցույթի պաշտոնական ներկայացուցիչը:

Նա նաեւ պատմել է այն մասին, որ այս տարի մրցույթի կազմակերպիչները առաջին անգամ կազմակերպել են Հայաստանում օնլայն-քաստինգ` ELITE MODEL LOOK ARMENIA խումբ բացելով Facebook սոցիալական ցանցում: Իյա Կիցմարիշվիլին նշել է, որ նախնական օնլայն-քաստինգի հաղթողները նաեւ պետք է ներկա լինեն իրական ընտրական փուլին, որը անցկացվելու է վաղը նշված հյուրանոցում:

Գալիք ընտրականփուլի ժյուրին են ներկայացնելու ինքը` Իյա Կիցմարիշվիլին, Luxury Group ընկերության հիմնադիր Էրնեստո Մարկոն, LIME հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Էդուարդ Սիմոնյանը, LIME հեռուստաընկերության կոմերցիոն տնօրեն Էդուարդ Հովհաննիսյանը, անցյալ տարի Հայաստանում կազմակերպված մրցույթի հաղթող Նելլի Սայադյանը, հայտնի բլոգեր Կամո Թովմասյանը եւ մոդելյեր, հագուստի դիզայներ Ֆաինա Հարությունյանը:

Հայաստանյան ընտրական փուլի արդյունքում կընտրվեն հինգ մոդելներ, ովքեր այնուհետեւ կմասնակցեն Հայաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչների համար նախատեսված միացյալ ազգային քաստինգին, որը տեղի կունենա Վրսատանում հոկտեմբերի 5-ին: Արդյունքում`Շենչժենում կազմակերպվող միջազգային ֆինալի համար կընտրվեն երկու աղջիկներ, ովքեր կներկայացնեն իրենց երկրները:Միջազգային ֆինալի ֆոնդը կկազմի 300 000 եվրո:


 Հայաստանյան մրցույթի պաշտոնական ներկայացուցիչը նաեւ պատմել է այն չափանիշների մասին, ըստ որոնց ընտրվելու են ապագա մոդելները: Նա նշել է, որ Հայաստանում եւ Վրաստանում ընտրված աղջիկների մինիմալ հասակը պետք է կազմի 170 սմ, մինչդեռ, օրինակ` Եվրոպայում աղջիկների մինիմալ հասակն է 172 սմ:

Ինչ վերաբերվում է 90-60-90 չափանիշներին, նա նշել է, որ ժյուրին կաշխատի աղջիկներ ընտրել այդ չափանիշներին մոտ, սակայն հնարավոր է նաեւ, որ ժյուրին ընտրի տվյալ չափանիշներից փոքր ինչ անցնող աղջիկների, եթե նրանց մոտ ներուժ նկատվի, եւ ընդհանուր շեշտադրությունը կատարվելու է աղջիկներիմոդելների հետաքրքիր կերպարների վրա:Իյա Կիցմարիշվիլին հիշեցրել է, որ 1980-ականններից անցկացվող «ELITE MODEL LOOK» հանրահայտ մրցույթը ի հայտ է բերել այնպիսի թոփ-մոդելներին, ինչպիսիք են Սինդի Քրոուֆորդը, Նաոմի Քեմփբելը, Ժիզել Բյունդհենը, Ալեսսանդրա Ամվրոսիան եւ մյուսները:


Նա նաեւ հայտնել է, որ Վրաստանում մրցույթի 7-ամյա պատմության ընթացքում  նրա հաղթողները այս պահին հաջողությամբ շարունակում են իրենց մոդելային կարիերան:Հայաստանյան մրցույթի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ այս 7 տարվա ընթացքում առաջին անգամ Վրսատանում  այս տարի քաստինգ կկազմակերպվի նաեւ տղամարդկանց համար:Նրա խոսքով, ELITE MODEL LOOK  մոդելի կոչմանը հավակնող տղամարդկանց մինիմալ հասակը կկազմի 180 սմ:


Իր տպավորություններով անցյալ տարի կազմակերպված մրցույթի վերաբերյալ կիսվել է նաեւ Հայաստանում անցյալ տարի մրցույթը հաղթած մոդել Նելլի Սայադյանը, ով բարձր է գնահատել մրցույթը եւ նշել է, որ այն մեծ հնարավորություններ է տալիս մոդելերին:Մրցույթում մասնակցելու հայ աղջիկներին ուղղված կոչով հանդես է եկել մրցույթի գործընկեր Luxury Group ընկերության հիմնադիր Էրնետո Մարկոն, ով շեշտել է կայանալիք քաստինգի անաչառությունն ու ազնվությունը:Ազգային քաստինգը կցուցադրվի Լայմ հեռուստաալիքով:

Լիլիթ Պետրոսյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE