«Տաղարան»-ը եւ «Ագապէ»-ն «Ստաբատ Մատերը» կներկայացնեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

15:01   15 ապրիլի, 2021

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի կներկայացվի Ջիովաննի Բետիստա Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունը: Համերգը տեղի կունենա ապրիլի 22-ին՝ ժամը 19:00-ին: Ստեղծագործությունը կներկայացնեն հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան) եւ «Ագապէ» կամերային երգչախմբի իգական կազմը (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Մարիա Գալստյան):

Բացի այդ՝ համերգի ընթացքում կհնչեն Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Աննա Ազիզյանի, Վահրամ Սարգսյանի, Արթուր Ավանեսովի, Դեյվիդ Մքինթայրի ստեղծագործությունները:

Ստաբատ Մատերի հիմքում 13-րդ դարի լատինական արձակ օրհներգն է: Օրհներգը բանաստեղծական մտորում է Մարիամ Աստվածածնի տառապանքների մասին` Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակ: Այս թեմայով շատ հայտնի հեղինակներ երաժշտություններ են գրել, սակայն նրանցից ամենանշանավորը Ջիովաննի Բետիստա Պերգոլեզիի երաժշտությունն է: Պերգոլեզին այս գործը գրել է 26 տարեկանում՝ 1736 թ.-ին: Այն գրվել է կոմպոզիտորի մահից առաջ:



© NEWS.am STYLE