«Գահերի խաղի» եզրափակիչը կարող են վերանկարահանել

18:12   16 ապրիլի, 2021

«Գահերի խաղը» ֆանտաստիկ սերիալի հեղինակները շոուի եզրափակչի վերանկարահանման մասին լուրերի առիթ են տվել։

Նախագծի Twitter-ի պաշտոնական էջում առեղծվածային հրապարակում է հայտնվել։ «Ձմեռը մոտ է»,- կարճ գրել են հեղինակները՝ չնշելով, թե ինչ նկատի ունեն։ Նախագծի երկրպագուների կարծիքով՝ դա կարող է նշանակել, որ նրանք պատրաստում են մոտ երկու տարի առաջ թողարկված ութերորդ եթերաշրջանի ռեմեյքը։

Վիճելի եզրափակիչ սերիան, որը թողարկվել է 2019թ․-ի մայիսին, քննադատության ալիք էր բարձրացրել։ Հանդիսատեսը խնդրագիր էր պատրաստել՝ պահանջելով վերանկարահանել եզրափակիչը, ինչն ավելի քան մեկ միլիոն ստորագրություն էր հավաքել։

«Գահերի խաղն» ամերիկյան հեռուստասերիալ է, որը հիմնված է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» վեպերի վրա։ Այն նկարահանվել է Դեւիդ Բենիոֆի եւ Դենիել Բրեթ Ուայսի կողմից «HBO» հեռուստաալիքի համար։



© NEWS.am STYLE